Որոնել

Տեղի ունեցավ «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը

Հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի վերջին՝ 2023թ․ մրցույթի արդյունքում դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները և ծավալել քննարկումներ՝ ուղղված այդ նախագծերի իրականացման, ոլորտի մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։ Միջոցառմանը մասնակցում էր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչ, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներ, հասարակական կազմակերպություններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք։

Միջոցառումը սկսվեց Վասիլիս Մարագոսի (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան) և Արթուր Մարտիրոսյանի (ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) ողջույնի խոսքերով։ Այնուհետև Լանա Կառլովան (Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող) ներկայացրեց «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության հետ կապված վերջին թարմացումները։ 

Մաս 1. Բարձրագույն կրթության ոլորտ

Միջոցառման առաջին հատվածը նվիրված էր Էրազմուս+ ծրագրի 2023թ․ մրցույթի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակում ֆինանսավորված 8 նախագծերի ներկայացմանը։ 

Պանելային քննարկում 1 

«Էրազմուս+ ծրագրի 2023թ․ մրցույթում ֆինանսավորված CBHE նախագծերը և դրանց ակնկալվող ազդեցությունը բարձրագույն կրթության վրա» թեմայով առաջին պանելային քննարկումը վարեց Գարեգին Համբարձումյանը (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ):

Այս պանելային քննարկման խոսնակներն էին՝

  • Ալեքսանդր Մարգարով, Երևանի պետական համալսարան, KPI4HE – «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» նախագիծ,
  • Մարիաննա Հարությունյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, T4GREEN – «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» նախագիծ,
  • Իրինա Վանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, RE-GRAD – «Բակալավրիական կրթության բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում՝ հանուն կանաչ և կայուն զարգացման» նախագիծ,
  • Լուսիկ Վարդանյան, Վանաձորի պետական համալսարան, DeSIRe – «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում փափուկ հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» նախագիծ։ 

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց կառավարման և մենեջմենթի մեխանիզմների կարևորությանը՝ հաշվի առնելով ներառականության, թվայնացման և կայունության չափանիշները: Խոսնակները շեշտադրեցին ուսուցիչների՝ կանաչ և թվային փոխակերպումների միջոցով կրթության վերափոխման, 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ժամանակակից հմտություններ զարգացնելու նախաձեռնություններ իրականացնելու կարիքը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հնարավոր ռիսկերին և երկարաժամկետ կայունության ապահովման կարևորությանը:

Պանելային քննարկում 2

«Էրազմուս+ ծրագրի 2023թ․ մրցույթում ֆինանսավորված CBHE նախագծերը և դրանց ակնկալվող ազդեցությունը բարձրագույն կրթության վրա» թեմայով երկրորդ պանելային քննարկումը վարեց Ռուզաննա Մինասյանը (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ)։ 

Այս պանելային քննարկման խոսնակներն էին՝ 

  • Ռուբեն Մարկոսյան, Եվրասիա միջազգային համալսարան, Micro-GEAR – «Միկրոորակավորումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթական համակարգի համար» նախագիծ,
  • Գոռ Մարտիրոսյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, LISS24 – «Սովորել – Նորարարել – Վաճառել – Հաջողել» նախագիծ,
  • Ալեքսանդր Մարգարով, Երևանի պետական համալսարան, JoPScip – «Քաղաքագիտություն համատեղ մագիստրոսական ծրագրի մշակում» նախագծի ընթացիկ զարգացումներով,
  • Աննա Մարտիրոսյանը, Եվրասիա միջազգային համալսարան, SIN-NEC – «Արևելյան հարևանության երկրների համալսարանների արդիականացմանը խթանող կայունության և միջազգայնացման գծող կարողություններ» նախագիծ։

Քննարկումը անդրադարձավ մի շարք թեմաների, որոնց մեջ հատկանշական էին կայունության ռազմավարությունը, վերապատրաստման ծրագրերը և վիրտուալ փոխանակումների միջոցով նոր կրթական մոդելների փորձարկումները: Ընդհանուր առմամբ՝ քննարկվում էր ակադեմիայի, բիզնեսի և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդման կարևորությունը: Համապատասխանեցնելով կրթական արդյունքները շուկայական կարիքներին՝ այս նախագծերը կերաշխավորեն, որ շրջանավարտները ձեռք են բերելու ոչ միայն ակադեմիական, այլև գործնական հմտություններ, որն անհրաժեշտ է այսօրվա համաշխարհային տնտեսության մեջ հաջողության հասնելու համար:

Մաս 2. Միջին մասնագիտական կրթություն

Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Էրազմուս+ ծրագրի 2023թ․ մրցույթի «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակներում ֆինանսավորված 4 նախագծերի ներկայացմանը։

Քննարկումը սկսվեց Արաքսյա Սվաջյանի (ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) և Դավիթ Ավագյանի (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախագծերի ղեկավար) ողջույնի խոսքերով։ Այնուհետև Լանա Կառլովան (Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող) ներկայացրեց «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» (CBVET) գործողության վերջին թարմացումները։

Պանելային քննարկում 3

«Էրազմուս+ ծրագրի 2023թ․ մրցույթում ֆինանսավորված CBVET նախագծերը և դրանց ակնկալվող ազդեցությունը միջին մասնագիտական կրթության վրա» թեմայով երրորդ պանելային քննարկումը վարեց Ռուզաննա Մինասյանը (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ):

Այս պանելային քննարկման խոսնակներն էին՝

  • Սյուզաննա Սարուխանյան, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ,  CB4WBL – «ՄԿՈւ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» նախագիծ,
  • Նաիրա Ալոյան, Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, VETfarm – «ՄԿՈւ ցուցադրական համագործակցություն պիստակի ֆերմայի համար Հայաստանում. աշխարհատարածական մոտեցում» նախագիծ, 
  • Արթուր Ղազարյան, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի ներկայացուցիչ, IN-VET – «Ներդրու՛ քո մեջ. Կենտրոնական Եվրոպայում հայ, վրացի և մոլդովացի ուսանողների համար պրակտիկայի միջազգային ծրագրերի խթանումը» նախագիծ,
  • Գոհար Գրիգորյան, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն, IMPROVET-AM – «Բարելավել և խթանել ՄԿՈւ-ն Հայաստանում» նախագիծ։

Ընդհանուր առմամբ՝ քննարկումը ընդգծեց, թե ինչպես են այս նախագծերը փոխակերպում ՄԿՈւ ոլորտը՝ ապահովելով գործնական, աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորություններ, բարձրացնելով կրթության որակը և համապատասխանեցնելով կարողությունների զարգացման ծրագրերը աշխատաշուկայի կարիքներին և ի վերջո բարելավելով շրջանավարտների աշխատունակությունը և մասնագիտական ​​պատրաստվածությունը:

Պանելային քննարկում 4

«ՄԿՈւ ոլորտի միջազգայնացման հեռանկարները և մարտահրավերները» թեմայով չորրորդ պանելային քննարկումը վարեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Տիգրան Միքայելյանը։ Պանելային քննարկմանը մասնակցում էին 

  • Արմենուհի Պողոսյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ,
  • Մարինե Ժամկոչյան, «Բիզնես և կրթություն համագործակցություն» հիմնադրամի ներկայացուցիչ, 
  • Արայիկ Նավոյան, Կրթության քաղաքականության և կառավարման հայկական կենտրոնի նախագահ,
  • Արթուր Սիրադեղյան, Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջի տնօրեն:

«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումն ավարտվեց այս նախագծերի՝ փոխակերպող ներուժի վերաբերյալ քննարկումներով: Մոդերատորներն ու խոսնակները կարևորեցին ծրագրի շնորհիվ կառավարման, որակի ապահովման, կայունության և միջազգայնացման զգալի առաջընթացը ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ​​կրթական հաստատություններում:

Քննարկումներն ընդգծեցին ազգային կրթական չափորոշիչների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման կարևորությունը, ուսուցման նորարարական մոդելների խթանումը և գործնական փորձի միջոցով աշխատունակության բարձրացումը: Ուսումնական հաստատությունների, բիզնեսի ներկայացուցիչների և միջազգային կառույցների միջև համագործակցությունը կարևորվեց համաշխարհային աշխատաշուկայում ուսանողներին անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով ապահովելու համար:

Անդրադառնալով այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են լեզվական խոչընդոտները, ուսումնական ծրագրերի համապատասխանությունը և մշակութային տարբերությունները, միջոցառման ընթացքում քննարկումների շնորհիվ դուրս բերվեցին այնպիսի լուծումներ, ինչպիսիք են լեզվի ուսուցման դասընթացների անհրաժեշտությունը, ուսումնական ծրագրերի մեջ նորարարությունների ներմուծման պետության կողմից ՄԿՈւ հաստատություններում միջազգայնացման համար պատասխանատուների նշանակումը և փորձի փոխանակման հնարավորությունները: Էրազմուս+ ծրագրի դերը նշվեց այս գործընթացներում իր կարևոր ներդրման համար՝ ի վերջո խթանելով ավելի ներառական, կայուն և կրթական հնարավորությունների ստեղծումը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:

Հրապարակված է․News & Events 2024