Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրերը միջազգային համագործակցության նախագծեր են, որոնք հիմնված են բարձրագույն կրթության ոլորտում ակտիվ հաստատությունների միջև բազմակողմ համագործակցության վրա: Գործողությունն աջակցում է Ծրագրին չասոցացված երրորդ երկրներում բարձրագույն կրթության համապատասխանությանը, որակին, արդիականացմանը և արագ արձագանքին սոցիալ-տնտեսական վերականգնման և աճի, տնտեսական գլոբալիզացիայի և մարդկային կապիտալի զարգացման վերջին մարտահրավերներին և միտումներին, որոնք ի հայտ են եկել Քովիդ-19 համաճարակով պայմանավորված սոցիալական, տնտեսական և բնապահպանական անհավասարությունների աճի արդյունքում:
Ակնկալվում է, որ այս ծրագրերը միտված են նպաստելու Եվրոպական հանձնաժողովի հետևյալ ընդանուր գերակայություններին՝ ըստ տարածաշրջանների.
Տարածաշրջան 2 Արևելյան Հարևանություն
Կանաչ գործարք – Բարձրագույն կրթության համակարգերը կարևոր նշանակություն ունեն Կանաչ գործարքին աջակցելու համար՝ պոտենցիալ հնարավորություն տալով խորը փոփոխություն կատարել մարդկանց վարքագծի և հմտությունների մեջ: Կարողությունների զարգացման նախագծերը խրախուսվում են զարգացնել իրավասությունները կայունության հետ կապված տարբեր ոլորտներում, կանաչ ոլորտային հմտությունների ռազմավարություններ և մեթոդաբանություններ, ինչպես նաև ապագային ուղղված ուսումնական ծրագրեր, որոնք ավելի լավ են բավարարում անհատների կարիքները: Էրազմուս+-ը նաև աջակցում է նորարարական պրակտիկաների փորձարկմանը՝ սովորողներին և բարձրագույն կրթություն մատուցողներին նախապատրաստելու փոփոխությունների իրական գործակալ դառնալուն:
Թվային փոխակերպում – Ծրագրերը պետք է աջակցեն թվային հմտությունների զարգացմանն ու յուրացմանը՝ թվային փոխակերպումը հնարավորինս համապարփակ և ներառական դարձնելու համար: Խրախուսել թվային բարձրագույն կրթության ռազմավարությունների մշակումն ու իրականացումը՝ բարձրագույն կրթության համակարգերում թվայնացման հիմնական ուղղություններով և թվային հմտություններն ընդգրկող ծրագրերի ամրապնդմամբ: Աջակցել ուսուցիչների վերապատրաստմանը և առցանց կրթության ուսուցմանը:
Միգրանտների ինտեգրում – Ծրագրերը պետք է խթանեն շարժունությունը, ներտարածաշրջանային համագործակցությանը և, մասնավորապես, աջակցեն տարբեր տարածաշրջաններում կրթական աստիճանների և հավաստագրերի ճանաչմանը: Ծրագրերը պետք է աջակցեն միգրանտների և տեղահանվածների ինտեգրմանը կրթության հասանելիության միջոցով:
Կառավարում, խաղաղություն, անվտանգություն և մարդկային զարգացում – Կարողությունների զարգացման ծրագրերը կարող են օգնել հիմք դնել ակտիվ քաղաքացիության ամրապնդման համար և ստեղծել հատուկ փորձ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և բազմակողմանիությունը: Ծրագրերը կարող են օգնել՝ բացահայտելու բարձրագույն կրթության թույլ կառավարման խնդիրների երկարաժամկետ լուծումները:
Կայուն աճ և աշխատատեղեր – Կրթությունն անհրաժեշտ է կյանքի և աշխատանքի համար այնպիսի հմտություններ ձևավորելու համար, ինչպիսիք են հիմնարար հմտությունները, «փափուկ» հմտությունները (օրինակ՝ խնդիրների լուծում, հաղորդակցություն) և գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկական (ԳՏՃԱՄ) հմտությունները: Կրթությունը նաև աջակցում է աշխատունակությանը և հանդիսանում է կայուն աճի նախապայման:
Գործողությունը կնպաստի նաև կրթության ոլորտում ԵՄ ներքին քաղաքականության արտաքին հարթությանը: Այն կաջակցի Կանաչ և կայուն համաշխարհային տնտեսության վերականգնմանը Ծրագրին չասոցացված երրորդ երկրներում, որոնք կապված են Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և Փարիզի համաձայնագրի հետ: Կարողությունների զարգացման ծրագրերի գործունեությունը և արդյունքները պետք է ուղղված լինեն Ծրագրին չասոցացված իրավասու երրորդ երկրներին, նրանց բարձրագույն ուսումնական հաստատություններին և համակարգերին օգուտ բերելուն: