Արտասահմանում սովորելու համար, դուք պետք է գրանցված լինեք որպես բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող (բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի): Բակալավրի դիմորդները պետք է լինեն առնվազն երկրորդ տարվա ուսանողներ: Արտերկրում ուսումնասիրվելիք դասընթացները պետք է համապատասխանեն ձեր ուսումնական ծրագրին և կրթական կարիքներին:
Ուղարկող և ընդունող բուհերը պետք է ունենան Միջինստիտուցիոնալ համաձայնագիր (Inter-Institutional Agreement), որպեսզի դուք կարողանաք սովորել այնտեղ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում:
Ուսանողները կարող են օգտվել Էրազմուս+ դրամաշնորհից յուրաքանչյուր կրթական մակարդակում մեկ անգամ։
Ուսման տևողությունը կարող է լինել նվազագույնը 3 ամսից (կամ 1 ակադեմիական կիսամյակ) մինչև առավելագույնը 12 ամիս:
Դուք կարող եք օգտվել Էրազմուս+ փոխանակման հնարավորությունից յուրաքանչյուր կրթական մակարդակում մեկ անգամ: Եվրոպական Որակավորումների Շրջանակը (ԵՈՇ) սահմանվում է կրթական մակարդակը հետևյալ կերպ՝
- Առաջին մակարդակ (բակալավր կամ համարժեք) ԵՈՇ – 5/6
- Երկրորդ մակարդակ (մագիստրատուրա կամ համարժեք) ԵՈՇ 7
- Երրորդ մակարդակ (ասպիրանտուրա (PhD) կամ համարժեք) ԵՈՇ 8
Մեկ ցիկլով ընթացող մասնագիտական դասընթացների դեպքում, ինչպիսիք են բժշկությունը և ճարտարապետությունը, ուսումը կարող է տևել մինչև 24 ամիս:
Նախքան ուսումը՝
- Ուսանողը, ուղարկող և ընդունող բուհերը պետք է ստորագրեն Ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement)՝ ապահովելու փոխանակման թափանցիկ ու արդյունավետ նախապատրաստումն արտերկրում, ինչպես նաև երաշխավորելու ուսաման հաջող ավարտի ճանաչումը: Այս փաստաթուղթը սահմանում է տարբեր կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
- Ուսանողը պետք է ծանոթանա Էրազմուս+ Ուսանողական կանոնադրությանը, որը սահմանում է արտերկրում ուսումնառության ընթացքում ուսանողների իրավունքներն ու պարտավորությունները:
Ուսումից հետո՝
- Ընդունող բուհը պետք է ուսանողին և ուղարկող բուհին տրամադրի ուսման ավարտը և ուսումնական ձեռքբերումները հաստատող փաստաթուղթ (transcript of records):
- Ուղարկող բուհը պետք է ճանաչի Ուսումնառության համաձայնագրով սահմանված կրեդիտները՝ առանց որևէ հետագա պահանջների:
Մանրամասների համար կարող եք ընթերցել Ուսումնառության համաձայնագրի կիրառման ուղեցույցը:
Ուսանողը կստանա Էրազմուս+ դրամաշնորհ, որը կծածկի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Այն կարող է տարբերվել՝ կախված ընդունող երկրի կեցության ծախսերից, ուղարկող և ընդունող երկրների հեռավորությունից, դիմող ուսանողների քանակից, այլ դրամաշնորհների առկայությունից: Դրամաշնորհի ֆիքսված սահմանաչափերը Ծրագրային և Գործընկեր երկրների միջև փոխանակումների համար կարող եք գտնել Էրազմուս+ ծրագրի ուղեցույցում:
Ֆիզիկական, հոգեկան կամ առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ուսանողները (հատուկ կարիքներ ունեցող) կարող են դիմել լրացուցիչ ֆինանսավորման համար շարժունության մասնակից ընտրվելուց հետո:
Դուք կստորագրեք դրամաշնորհային համաձայնագիր Ծրագրային երկրի բուհի հետ, որում կնշվի շարժունության տևողությունը, դրամաշնորհի չափը և այլ իրավունքների ու պարտականությունների մասին: Ուղարկող և ընդունող բուհերը կորոշեն, թե որ կողմն է կատարելու վճարումները:
Որպես Էրազմուս+ ուսանող, դուք կազատվեք ընդունող բուհում ուսման, գրանցման, քննությունների, լաբորատորիաներից կամ գրադարաններից օգտվելու վճարներից: Փոքր վճարներ կարող են գանձվել ապահովագրության կամ ուսանողական միություններին անդամակցելու համար:
Դուք կարող եք ստանալ լրացուցիչ դրամաշնորհ Ձեր հաստատությունից, կառավարությունից կամ այլ աղբյուրներից: Դուք կարող եք նաև դիմել կրթաթոշակի համատեղ մագիստրոսական և դոկտորական ծրագրերի շրջանակներում:
Դուք կարող եք դիմել Ձեր բուհի Միջազգային հարաբերությունների գրասենյակի միջոցով: Հայաստանի բուհերում Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության համար պատասխանատու գրասենյակրների/բաժինների կոնտակտները կարող եք գտնել այստեղ: