Որոնել

Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր

Դիմելով Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին՝ կարող եք ամբողջական կրթաթոշակ ստանալ և ներգրավվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ`ավարտելիս ձեռք բերելով կրկնակի կամ բազմակի դիպլոմներ

Այս մագիստրոսական ծրագրերը առանձնանում են իրենց ակադեմիական գերազանցությամբ և տրամադրվող կրթության բարձր որակով։ Դրանք իրականացվում են միջազգային կոնսորցիումների կողմից, որոնք կազմված են ԵՄ անդամ պետություններում և Էրազմուս+ Ծրագրին ասոցացված 6 երրորդ երկրներում գտնվող առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատություններից

Ընդհանուր պայմաններ

Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերը բաց են աշխարհի դիմորդների համար` առանց տարիքային սահմանափակման: Նախքան դիմելը համոզվեք, որ համապատասխանում եք դիմելու հետևյալ նախապայմաններին՝

  • Դիմորդը պետք է ունենա բակալավրի դիպլոմ։ Ավելի ստույգ տեղեկատվություն այս պահանջի վերաբերյալ կարելի է ստանալ  յուրաքանչյուր ծրագրի կայքում։
  • Եթե նախկինում դիմորդը ստացել է Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ, ապա իրավասու չէ կրկին դիմել և օգտվել նույն կրթաթոշակից։ 12 ամսից ավել Ծրագրային երկրներում բնակված կամ սովորած ոչ ԵՄ դիմորդը կարող է դիմել միայն մասնակի կրթաթոշակի։

Կրթաթոշակակիրը չի կարող միաժամանակ օգտվել Էրազմուս Մունդուս կրթաթոշակից և ԵՄ-ի կողմից տրամադրվող այլ կրթաթոշակային ծրագրերից։

Այն դիմորդները, ովքեր նախորդ հինգ տարիների ընթացքում 12 ամսից ավել ապրել կամ սովորել են ԵՄ 27 անդամ պետություններում կամ Ծրագրին ասոցացված 6 երրորդ երկրներում (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա), կարող են հավակնել զգալիորեն փոքր կրթաթոշակի:

Ծրագրերի շտեմարանը

Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերի մասին տեղեկատվությունն ու յուրաքանչյուր ծրագրի կայքը տեղադրվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական շտեմարանում։ Ծրագրերին դիմելիս միաժամանակ դիմում եք նաև կրթաթոշակի, ուստի պետք է ուշադիր կարդալ Ձեր նախընտրած ծրագրի կայքում նշված վավերապայմանները, ժամկետներն ու գրանցման հղումները։

Տեվողություն

Էրազմուս Մունդուս ծրագրերը հնարավորություն են տալիս 1 կամ 2 տարի տևողութամբ մագիստրոսական կրթություն ստանալ ծրագրի կոնսորցիումի նվազագույնը երկու երկրներում գտնվող բուհերում:

Ֆինանսական աջակցություն

Էրազմուս Մունդուս կրթաթոշակները ներառում են մագիստրատուրայի ողջ տևողության ընթացքում ճամփորդական, կեցության և մասնակցության (ուսման վարձի) ծախսերը։  

Կրթաթոշակի ընդհանուր գումարը կարող է տարբերվել՝ կախված ծրագրի տևողությունից և դիմորդի ազգությունից: Հստակ տեղեկատվություն ստանալու համար՝ խորհուրդ ենք տալիս կրթաթոշակի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգել Ձերվնախընտրած ծրագրի կայքում։

Պահանջվող փատաթղթեր

Էրազմուս Մունդուս կրթաթոշակային ծրագրերին անհրաժեշտ փաստաթղթերի ընդհանրացված ցանկը հետևյալն է՝

  • բակալավրի դիպլոմ (կամ ավարտական կուրսում սովորելու պարագայում նախկին տարիների կրթության արդյունքները ճանաչող տեղեկանք բուհից),
  • դիպլոմի հավելված (միջուկ),
  • CV (Europass) ձևաչափով,
  • մոտիվացիոն նամակ,
  • երաշխավորագրեր ակադեմիական ղեկավարներից և/կամ գործատուից,
  • անգլերեն (կամ այլ) լեզվի իմացության միջազգային վկայական (TOEFL, IELTS, Cambridge Test)։

Ուշադրություն, այս ցանկը պետք է ճշգրտվի յուրաքանչյուր ընտրված ծրագրի կայքում։ 

Ինչպես դիմել

Յուրաքանչյուր տարի Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի ցանկը թարմացվում և համալրվում է սեպտեմբեր-հոկտեմբեր և հունվար-փետրվար ամիսների միջև ընկած ժամանակահատվածում (միշտ ստուգեք ծրագրի վեբկայքը): Պետք է դիմել նախընտրած ծրագրին առցանց, Շտեմարանում առկա վեբկայքի միջոցով, որտեղ դուք կարող եք գտնել դիմելու պահանջները և ընթացակարգը:

Ուսումը մեկնարկում է հաջորդող տարվա սեպտեմբերին կամ հոկտեմբերին:


Տեղեկատվական աջակցություն

Մագիստրոսական ծրագրերին դիմելու ընթացքում հարցեր ունենալու դեպքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը տրամադրում է (անվճար) առցանց խորհրդատվություն, որին պետք է նախապես գրանցվել՝ հաղորդագրություն ուղարկելով program@erasmusplus.am էլ. հասցեին։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ խորհրդատավությունը տրամադրվում է ընդհանուր տեղեկատվությանը արդեն իսկ ծանոթ և իրենց համապատասխան ծրագիր/ծրագրերն ընտրած դիմորդներին, ովքեր ունեն հստակ հարցեր և դրանց շրջանակներում ուղղորդման կարիք։  

Գրասենյակի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, 10։00-18։00-ը: