Որոնել

ՄԿՈՒ ոլորտը Հայաստանում

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախնական ՄԿՈՒ հաստատությունների թիվը՝ 25

ՄԿՈւ հաստատությունների թիվը` 109

ՆՄԿՈՒ ուսանողների քանակը (2021-2022թթ) – 6,761

ՄԿՈՒ ուսանողների քանակը (2021-2022թթ)- 31,159

 

Աղբյուր` ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջ, ՀՀ ՎիՃակագրական կոմիտեի տարեգրիք

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ֆորմալ միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը հիմնականում դպրոցական է և ունի երկու մակարդակ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և միջին մասնագիտական կրթություն: «Կրթության մասին» օրենքի համաձայն (1998թ.), մասնագիտական կրթությունը «ուղղված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքի շրջանակի ընդլայնմանը և որակավորման բարձրացմանը՝ ընդհանուր և մասնագիտական կրթության մակարդակների հաջորդականության միջոցով»։

Ե՛վ նախնական, և՛ միջին ՄԿՈՒ կարող են իրականացվել հիմնական ընդհանուր (9-ամյա) և միջնակարգ ընդհանուր (12-ամյա) կրթության հիման վրա։ Առաջին դեպքում դրանք ավելի լավ են համապատասխանում եվրոպական ISCED 3-րդ մակարդակին, իսկ երկրորդում՝ ISCED 4-ին:

Հայաստանում արհեստագործական կադրեր են պատրաստվում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում` արհեստագործական ուսումնարաններում, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում: Բանվորական կադրեր կարող են պատրաստվել նաև կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմարկներում: Արհեստագործական կրթությունը կարող է տրամադրվել նաև «Վարպետաց դասընթացների» ձևով՝ որպես «կառուցվածքային ուսուցում, երբ ուղղակի և անուղղակի ուսուցումն իրականացվում է անհատական վերապատրաստման ժամանակացույցի համաձայն՝ իրականացվող ուսումնական հաստատությունում, կազմակերպությունում կամ վարպետի արհեստանոցում»։ Արհեստագործական կրթության շրջանավարտներին տրվում է նախնական արհեստագործական կրթության դիպլոմ և «Արհեստագործ» որակավորման մակարդակը (տեսակը): Որակավորումների կոնկրետ անվանումները՝ կախված մասնագիտությունից, կարող են լինել, օրինակ. «Անտառապահ», «Մսավաճառ», «Հացթուխ», «Հյուսն» և այլն: Տևողությունը հիմնական հանրակրթության հիման վրա երեք տարի է, իսկ միջնակարգ հանրակրթության հիման վրա մոտ մեկ տարի:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները` քոլեջները և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունները` արհեստագործական ուսումնարանները` համապատասխանաբար միջին և նախնական մասնագիտական (արհեստագործական) հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններ են: Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդակայնության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
Արհեստագործական ուսումնարանները, քոլեջները և ուսումնարանները Հայաստանի Հանրապետության շարունակական կրթության համակարգի անբաժանելի մասն են և միջանկյալ դիրք են զբաղեցնում հանրակրթություն և բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունենրի միջև:

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի` արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերով.

  • արհեստագործական հիմնական կրթական ծրագրով` արհեստավորի
  • միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով` մասնագետի
  • արհեստագործական և միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով` վվերապատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման և վերաորակավորման

Արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է: Միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է: Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն), դրսեկություն (էքստեռնատ), անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում):

ՄԿՈՒ-ի մասին օրենքը սահմանում է մասնագիտական (արհեստագործական) դպրոցները և քոլեջները՝ որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ կամ նրա ստորաբաժանումներ, որոնք համապատասխանաբար իրականացնում են նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր։ Ներկայումս ՄԿՈՒ բոլոր պետական ուսումնական հաստատություններն ունեն պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) կարգավիճակ՝ գործող համապատասխան օրենքով։

Որակավորումների ազգային շրջանակում ՄԿՈՒ-ն զբաղեցնում է 3-5 մակարդակները։

Միջին մասնագիտական կրթության համակարգում ֆինանսական միջոցերը գոյանում են հիմնականում պետական բյուջեի հատկացումներից, վճարովի ուսուցման կազմակերպումից, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացումից:

ՄԿՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) պատասխանատու է ՄԿՈՒ քաղաքականության ձևավորման և ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի համակարգման և իրականացման համար: Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունը բաղկացած է 2 բաժնից՝ ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության և ՄԿՈՒ տրամադրման համար:

ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) մասնակցում է ՄԿՈՒ քաղաքականության և ռազմավարությունների, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, իրականացնում է տարբեր տեսակի հետազոտություններ ՄԿՈՒ համակարգում, վերլուծում և գնահատում է դրա կատարումը, ապահովում է ՄԿՈՒ համակարգի և աշխատաշուկայի հաստատությունների միջև հաղորդակցությունը, կազմակերպում է որակավորման (կրթական) չափորոշիչների և ուսումնական պլանների մշակում և շարունակական թարմացում։ Կենտրոնն ապահովում է մասնագիտական փորձաքննություն, բացահայտում և հարմարեցնում է ՄԿՈՒ միջազգային լավագույն փորձը, աջակցում է ՈԱՇ-ի զարգացմանը և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ համատեղելիությանը, ինչպես նաև ՄԿՈՒ-ում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի ներդրմանը:

ՄԿՈՒ համակարգի վերաբերյալ լրացացուցիչ մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ Թուրինի գործընթացի 2018-2022 թվականների Հայաստանի Ազգային զեկույցին: