Կայացավ «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» վեբինարը
Ս/թ հոկտեմբերի 11-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի հետ համատեղ իրականացրեց «Ճանապարհ դեպի Էրազմուս+. հաջողակ մոտիվացիոն նամակի կազմում» խորագրով առցանց հանդիպումը, որն անցկացվում էր «Էրազմուս օրեր 2023» միջոցառումների շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցում էին Էրազմուս+ ծրագրերով հետաքրքրված շուրջ 70 անհատներ։
Հանդիպման նպատակն էր իրազեկել հասանելի ծրագրերի և դրանց դիմելու գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև ուղղորդել դիմորդներին հաջողակ մոտիվացիոն նամակների կազմման գործընթացում։
Այն մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի ողջույնի խոսքով, ով մասնակիցներին ներկայացրեց համապարփակ տեղեկատվություն «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական» ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի միջազգային կապերի պատասխանատու Ռաիսա Ավետյանը ներկաներին ծանոթացրեց իրենց բուհում «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրին դիմելու գործընթացին և ընտրության չափանիշներին:
Նրան հաջորդեց Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանսելան, ով այժմ իր կրեդիտային շարժունությունն է իրականացնում Երևանի պետական համալսարանում։ Նա մասնակիցներին գործնական և ինտերակտիվ օրինակների միջոցով ուղղորդեց ինչպես կազմել արդյունավետ մոտիվացիոն նամակներ նմանատիպ ծրագրերի դիմելիս, ինչպիսի կառուցվածք և բաղադրիչներ պետք է ունենա գրագետ կազմված մոտիվացիոն նամակը, ինչ հաճախակի սխալներ են հանդիպում, ինչպես նաև կիսվեց իր հաջողված փորձի օրինակով։
Հանդիպումը եզրափակեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Ինեսա Մարդոյանը, ով մասնակիցներին ներկայացրեց իր հաջողված Էրազմուս+ պատմությունը՝ ստեղծված Խորվաթիայի Օսիյեկի համալսարանում, և մոտիվացրեց նրանց դիմելու Էրազմուս+ ծրագրին և կերտելու իրենց իսկ հաջողության պատմությունը։
Հանդիպման ողջ ընթացքում մասնակիցների կողմից ակտիվ կերպով հնչեցվեցին մի շարք հարցեր, և ծավալվեց քննարկում։
Խոսնակների պրեզենտացիաները հասանելի են ստորև։