Հանդիպում Էրազմուս Մունդուս 2024թ. կրթաթոշակակիրների հետ ԵՄ պատվիրակությունում
Հունիսի 27-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունում կայացավ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2024թ․ հայ կրթաթոշակակիրների համար կազմակերպված հանդիպումը։ Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ 7 անհատներ առաջիկա 2 տարիների ընթացքում ստանալու են մագիստրոսական կրթություն Պորտուգալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Հունաստանում, Իտալիայում, Մալթայում և այլ երկրներում` հետևյալ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի շրջանակներում․
- European Master on Embedded Intelligence Nanosystems Engineering (EMINENT)
- Erasmus Mundus Joint Master in Education Policies for Global Development (GLOBED)
- International Master on Wine Tourism Transitions and Innovations (WINTOUR)
- Erasmus Mundus Joint Master in Resilience in Educational Contexts (FLOURISH)
- Erasmus Mundus Joint Master Degree in Documentary Filmmaking (DOCNOMADS)
- Kino Eyes – The European Fiction Master
- Erasmus Mundus Master in Biomedical Engineering (EMMBIOME)
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նույն պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանը և այլ աշխատակիցներ, Էրազմուս Մունդուս ծրագրի 2024թ․ կրթաթոշակակիրները, շրջանավարտներ, Հայաստանում Ռումինիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի դեսպանատների և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչներ։
Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ողջույնի խոսքով և կրթաթոշակակիրներին ուղղված շնորհավորանքով։ Դեսպանը նրանց հորդորեց առավելագույնը քաղել իրենց ընձեռված հնարավորությունից, ստեղծել կապեր ակադեմիական համայնքի հետ և դրանից դուրս, և որ ամենակարևորն է՝ հետ վերադառնալ ու ծառայեցնել ստացած գիտելիքներն ու հմտությունները Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը։
Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Էրազմուս+ ծրագիրը, նրա ընձեռած հնարավորությունները և Էրազմուս Մունդուս շրջանավարտների ցանցին միանալու տարբերակները։
Իսկ Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանավարտներ Անի Համբարձումյանն ու Ալյոնա Հովհաննիսյանը կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին, թե ինչպես կարելի է առավելագույնը քաղել այս փորձառությունից, անդրադարձան կեցության վայրի ընտրությանը, ուսման ընթացքում սոցիալական ակտիվությանը, պրակտիկայի ու նեթվորքինգային հնարավորություններին, պատասխանեցին կրթաթոշակակիրների հարցերին։
Հանդիպման ընթացքում Հայաստանում Ռումինիայի, Ֆրանսիայի և Հունաստանի դեսպանատների ներկայացուցիչները կրթաթոշակակիրներին ներկայացրին իրենց երկրների վիզայի և մշակութային առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասներ։ Նրանք պատասխանեցին կրթաթոշակակիրների հարցերին, կիսվեցին կոնտակտային տվյալներով և խոստացան աջակցել նրանց՝ վիզայի ձեռքբերման գործընթացում։
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» գործողության ակադեմիական համակարգող, Էրազմուս Մունդուս շրջանավարտ Դավիթ Պիպոյանը կրթաթոշակակիրներին ներկայացրեց միջմշակութային հարաբերությունների ձևավորման կարևորագույն նախադրյալները և կիսվեց գործնական խորհուրդներով։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը ևս մեկ անգամ շնորհավորում է Էրազմուս Մունդուս ծրագրի հայ կրթաթոշակակիրներին և մաղթում նրանց սահուն և արդյունավետ ուսումնական գործընթաց։
Նշենք, որ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս ստանալ ամբողջական կրթաթոշակ և ներգրավվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող համատեղ մագիստրոսական ծրագրերի մեջ` ավարտելիս ձեռք բերելով համատեղ, կրկնակի կամ բազմակի դիպլոմ: Ծրագրերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։