Կայացավ «Բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ նախագծերի արդյունքները և դրանց կիրառումը» խորագրով առցանց միջոցառումը
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դեկտեմբերի 19-ին անցկացրեց առցանց միջոցառում՝ նվիրված բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ ծրագրի արդյունքների և դրանց կիրառման ներկայացմանը։ Միջոցառումն նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) և Ժան Մոնե գործողությունների շրջանակներում ֆինանսավորված և իրականացված նախագծերի արդյունքները, ձեռքբերումները, դրանց ազդեցությունը և կիրառումը, ինչպես նաև ապահովել դրանց վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ տարածումը:
Միջոցառումը մեկնարկեց ողջույնի խոսքով, որի ընթացքում ելույթ ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Ռուբեն Թոփչյանն ընդգծեց Էրազմուս+ ծրագրի կարևորությունը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի զարգացման գործում՝ շեշտելով որակի ապահովման լավագույն փորձի կիրառման և արդիականացման նշանակությունը։ Վերջինս նշեց Էրազմուս+ի համախմբելու կարողությունը. երբ տեղական և արտասահմանյան հաստատություններ սկսում են համագործակցել մեկ ընդհանուր գաղափարի շրջանակում, որն էլ վեր է ածվում նախագծի: Ռուբեն Թոփչյանը նաև նշեց, որ Էրազմուս+ ծրագրի ազդեցությունն անգնահատելի է ՀՀ-ի կրթական համակարգի վրա, քանզի այդ բոլոր ներդրումները, փորձի փոխանակումն արտասահմանյան գործընկեր հաստատություններում օգնում է ոչ միայն զարգացնել նախագծերի ռեսուրսային բազաները, այլ նաև դասախոսների կարողություների և գիտելիքների ամրապնդմանը. «այս չորս նախագծերը մի քանիսն են այն մեծ շտեմարանի, որոնք ցուցադրում են միջազգային չափորոշիչների ներդրումը և դրական ազդեցությունը մեր երկրում»:
Միջոցառման առաջին հատվածում ներկայացվեցին Ժան Մոնե գործողությունները և դրանց շրջանակներում ֆինանսավորված նախագծերի արդյունքները։ Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը ներկայացրեց Ժան Մոնե մոդուլի ձեռքբերումները, ինչպես նաև նորաստեղծ Ժան Մոնե գերազանցության կենտրոնը, որը ֆինանսավորվել է այս տարի և առաջինն է Հայաստանում։ Քրիստինե Գևորգյանը նշեց, որ որ գործողության հետաքրքրությունը հատկապես կայանում է նրանում, որ իրենց մասնակցությունը կարող են ունենալ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, իրականացնել տարբեր ուղղվածության նախագծեր: Նա նաև ընդգծեց նախագծի համատեքստում այնպիսի գործընկերների ընդգրկման անհրաժեշտությունը, ովքեր արդեն որոշակի փորձ են կուտակել նմանատիպ նախագծերի իրականացման հարցում: Ժան Մոնե մոդուլի շրջանակներում դասավանդվել է եվրոպագիտություն, միգրացիոն ծրագրեր, ինչպես նաև իրականացվել է փորձի փոխանակում և ակտիվ համագործակցություն UNHCR-ի հետ:
Երկրորդ հատվածում ներկայացվեցին «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակներում ֆինանսավորված հետևյալ նախագծերը՝
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) նախագիծը ներկայացրին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման ամբիոնի պրոֆեսոր Արմինե Ավետիսյանը:
Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ, նախագծի շրջանակում ներգրավվել են ավելի քան 15 համալսարաններ, որոնցից 8-ը Հայաստանի բուհեր և 4 բուհեր Եվրոպայից (Իտալիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Լիտվա), մշակվել են համադոկտորական դպրոցներ, համատեղ կոնսորցիումային դպրոցներ, ինչպես նաև Արհեստական բանականության և տեխնիկական ուսուցման արդյունաբերական դոկտորական դպրոցներ և այլ: Արմինե Ավետիսյանը, անդրադառնալով նախագծի արդյունքներին, շեշտեց, որ նախագծի արդյունքում շատ կարևոր փաստաթուղթ մշակվել, որը հաստատվել է հհ ԿԳՄՍՆ նախարարության կողմից. այն է՝ «Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի՝ ասպիրանտուրայի բարեփոխումների հայեցակարգը»:
«Սիմուլյացիան հիվանդի խնամքի ապահովությունը և որակի բարելավումը նախադիպլոմային բժշկական կրթության մեջ» (SAFEMED+) նախագծի մասին խոսեցին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դասախոս, գործնական հմտությունների ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի ասիստենտ Անի Ռափյանը և Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը: Անի Ռափյանը նշեց, որ նախագծի շրջանակում ձեռք են բերվել կարևորագույն 4 սիմուլյատորներ, որոնք օգնում են ուսանողներին որովայնի օրգանների արտաքին շոշափման պրոցեսն իրականացնել սիմուլյատորի օգնությամբ: Ուսանողները նաև կլինիկական հմտությունների ձեռքբերման նպատակով անցել են մեկշաբաթյա վերապատրաստում Սիմուլիացիոն կետրոնում: Նախագիծն օգնել է ակադեմիական և ադմինիստրատիվ շարժունության իրականացմանը (18 մասնակից), թվով 150 աշխատակիցների վերապատրաստում, 671 ուսանող, ովքեր ամենամյա կտրվածքով ընգգրկվում են նոր ուսուցման ծրագրերում և այլն: Աննա Ղազարյանն ավելացրեց, որ այդ սարքավորումները հսկայական ազդեցություն են ունեցել համալսարանում նոր չափանիշներով կլինիկական քննությունների կազմակերպման հարցում:
«Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի մշակման մանրամասները ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը, ով հատուկ անդրադարձ կատարեց նախագծում ընդգրկված գործընկերներին՝ կարևորելով նրանց պրոֆեսիոնալիզմը նախագծի իրականացման գործընթացում: Արսեն Ապրոյանը նշեց, որ նախագծի շրջանակում ստեղծվել է Երկրի մակերևույթի հեռազննման լաբարատորիա, հայկական բուհերը ձեռք են բերել աշխարհատեղեկատվական ոլորտի համար նախատեսված կրթական միջոցներ և թանկարժեք սարքավորումներ (ինդուստրիալ անօդաչու թռչող սարքեր, հետազոտական չափիչ սարքեր և այլն), որոնք ակտիվորեն կիրառվում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների կողմից:
«Աջակցություն անգլերենի ուսուցման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին` կրթական եկամտաբերությունը» (SMARTI) ներկայացրին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Միջազգային համագործակցության եւ զարգացման կենտրոնի ղեկավար Լիանա Վարդանյանը և Գորիսի պետական համալսարանի Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության վարչության պետ Նաիրա Սաֆարյանը: Լիանա Վարդանյանը նշեց, որ նախագծի գործընկերների հետ ունեցել են բեղում աշխատանք (նախագծի համակարգող էր Դրեսդենի տեխնոլոգիական համալսարանը, եվրոպական երկրներից ընդգրկվել են բուհեր Անգլիայից, Լատվիայից, Պորտուգալիայից): Նախագծի կարևոր ձեռքբերումներից Լիանա Վարդանյանն առանձնացրեց անգլերենով դասավանդող դասախոսների կարողությունների զարգացմանն աջակցող 10 կիրառական և գործնական մոդուլների ստեղծումը և դասընթացների իրականացումը, որոնք վերահսկվեցին եվրոպական գործընկեր բուհերի կողմից (Պորտուգալիա և Գերմանիա): Նախագծի միջազգայնացման շրջանակներում գլխավոր ձեռքբերումներից է Գերմանիայի Կրթության նախարարության փորձագետների կողմից մեթոդական ցուցումների տրամադրումը՝ միտված անգլերենով ուսանողակենտրոն դասավանդման ապահովմանը: Նաիրա Սաֆարյանն իր հերթին ներկայացրեց այն բոլոր գիտատեխնիկական ռեսուրսները, որոնք հնարավոր է եղել ձեռք բերել նախագծի շրջանակներում, որոնք ներդրվել են EMI կենտրոններում և ակտիվորեն կիրառվում են ուսանողադասախոսական անձնակազմների կողմից:
Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ 2016 թվականից ի վեր CBHE գործողության շրջանակներում Հայաստանի բուհերի մասնակցությամբ ֆինանսավորվել է 44 նախագիծ, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել երկրի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխման և միջազգային համագործակցության զարգացման համատեքստում։
Այս միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց Էրազմուս+ ծրագրի կարևորությունը բարձրագույն կրթության ոլորտի զարգացման համատեքստում՝ հնարավորություն տալով մասնակիցներին ծանոթանալ հաջողված օրինակներին և օգտագործել դրանք կրթական համակարգի շարունակական բարելավման համար։