Որոնել

Կայացավ Էրազմուս+ 2024թ․ տեղեկատվական հանդիպումը բարձրագույն կրթության ոլորտի համար

Դեկտեմբերի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Էրազմուս+ 2024թ․ տեղեկատվական օրերի շրջանակներում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում բարձրագույն կրթության ոլորտի համար, որը նպատակ ուներ բարձրագույն կրթության, հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ծրագրի ընձեռած հնարավորություններին և աջակցել ընթացիկ նախագծերի հայաստանյան գործընկերներին։

Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ՀԿ-ների և այլ կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև կրթական ոլորտում արդեն ֆինանսավորված նախագծերի գործընկերներ ու հետաքրքրված այլ անձինք։

Միջոցառումը մեկնարկեց ողջույնի խոսքով, որի ընթացքում ելույթ ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը, ով իր երախտիքի խոսքն ուղղեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակին` բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ազգային, ինչպես նաև համատեղ ծրագրերում իրենց ունեցած ներդրման և ավանդի համար: Եդոյանն ընդգծեց նաև ծրագրերի կարևորությունը ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային որակների զարգացման գործում և կարևորեց կապերի ստեղծումը և համագործակցությունների ամրապնդումը:

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները՝ նախատեսված բարձրագույն կրթության ոլորտի համար, դրանց դիմելու պայմանները։ Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի տարբեր ուղղությունները՝ ուրախությամբ փաստելով, որ Հայաստանը տարածաշրջանում երրորդն է Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում գործողության շրջանակներում ֆինանսավորված նախագծերի քանակով և առաջինը՝ Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում գործողության շրջանակներում ֆինանսավորված նախագծերի քանակով:

Այնուհետև Երևանի պետական համալսարանի դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը կիսվեց Sigma համակարգում (FTOP) Էրազմուս+ նախագծերի ղեկավարման ու կառավարման իր փորձով և գործնական խորհուրդներ տվեց մասնակիցներին։

Հայաստանի եվրոպական համալսարանի Արտաքին կապերի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Գոհար Ավետիսյանը ներկայացրեց նախագծերի տրամաբանական շրջանակի (Logical Framework Matrix)​​ մշակման մեթոդաբանությունը և պատասխանեց ներկաների հարցերին:

Մասնակիցները ծանոթացան համատեղ մագիստրոսական ծրագրերի ստեղծման և իրականացման մեթոդաբանությանը, քայլերին, որոնք ներկայացվել էին անցնող տարվա ընթացքում Գրասենյակի կողմից իրականացված «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային երկօրյա սեմինարի շրջանակներում։ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը կիսվեց իր փորձով: 

Կրթության ոլորտում ներառականության և արդարության ապահովման մեխանիզմները ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պետական գեղարվեստի ակադեմիայի ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար Ռուզաննա Մինասյանը։ 

Այս խորհրդատվություններն էլ հիմնված էին «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովի ընթացքում ստացված տեղեկատվության ու գիտելիքի վրա։

Միջոցառման ավարտին ամփոփվեցին քննարկվող թեմաները, իսկ մասնակիցները հնարավորություն ստացան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել փորձագետներին։ Էրազմուս+ Տեղեկատվական օրը կրկին հաստատեց ծրագրի կարևորությունը կրթական համակարգի զարգացման և կայացման  գործում։

Հրապարակված է․News & Events 2024, Նորություններ