Տեղի ունեցավ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովը
Նոյեմբերի 5-6-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեց «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով Էրազմուս+ միջազգային աշխատաժողովը, որը համախմբեց հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին, հոգեբաններին, դասախոսներին՝ քննարկելու կրթության հասանելիության խնդիրները, բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորությունը:
Աշխատաժողովը կազմակերպեցին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ) Ռուզաննա Մինասյանի (ՀԳՊԱ Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար) և Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Մագիստրոսական ծրագրերի համակարգող) հետ համատեղ` Էրազմուս+ ԲԿԲՓ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։
Աշխատաժողովի հիմնական բանախոսներն էին Խորվաթիայի «Կրթության զարգացման ինստիտուտի» գործադիր տնօրեն Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը (կենսագրություն) և նույն ինստիտուտի բարձագույն կրթության քաղաքականության փորձագետ Թոմաս Ֆարնելը (կենսագրություն):
Աշխատաժողովի նպատակն էր ընդգծել Էրազմուս+ ծրագրի առաջնահերթություններից մեկի՝ ներառականության կարևորությունը, ինչպես նաև կրթել և տեղեկացնել ակադեմիական համայնքին այդ թեմայի հետ կապված հարակից խնդիրների և քաղաքականության վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվող թեմաների շարքում էին կրթության սոցիալական արդարության կարևորությունը, ներառականությունը, տեղահանված ուսանողների համար աջակցման ռազմավարությունների մշակմումը, ուսանողների բարեկեցության ապահովումը և այլն:
ՕՐ 1
Առաջին օրն աշխատաժողովին ներկա էին ավելի քան 50 մասնակից: Աշխատաժողովը մեկնարկեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ովքեր իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ներկաներին:
ԵՄ փորձագետներ Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը և Թոմաս Ֆարնելը ներկայացրին հավասարություն, ներառականություն, բազմազանություն և բարձրագույն կրթության սոցիալական չափանիշ հայեցակարգերը, հիմնական տերմինները և քաղաքականությունները Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համատեքստում, ինչպես նաև մարտահրավերները ԵԲԿՏ-ում և անհավասարության հանգեցնող հիմնական գործոնները:
Խմբային քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան հայաստանյան խնդիրների արծարծմանը. արդյո՞ք Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում և հասարակության մեջ խրախուսվում է հավասարությունը և ներառականությունը, կա՞ն արդյոք առաջնային հարցեր, որոնք պետք է ուշադրության կենտրոնում լինեն, բայց քննարկումից դուրս են:
«Հավասարության և ներառականության մարտահրավերները Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» պանելային քննարկման ընթացքում Հայաստանի բուհերում առկա հավասարության և ներառականության մարտահրավերների մասին իրենց փորձով կիսվեցին Մարիաննա Հարությունյանը (Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարան), Անահիտ Օրդյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան), Լուսինե Ֆլջյանը (Հյուսիսային համալսարան), Օֆելյա Հովհաննիսյանը (Շիրակի պետական համալսարան):
ԵՄ փորձագետները, ներկայացրին այն ԵԲԿՏ շրջանակները և գործիքները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի բուհերում արդարության և ներառականության աջակցության տեսանկյունից, ինչպես նաև կիսվեցին Խորվաթիայի փորձով՝ ցուցադրելով այն բոլոր քաղաքական միջոցները և ազգային առաջնահերթությունները, որոնք կարող են կիրառվել Հայաստանի պարագայում:
ՕՐ 2
Երկրորդ օրը քննարկվեցին ազգային առաջնահերթությունները, այդ թվում՝ բռնի տեղահանման ազդեցությունը բարձրագույն կրթության ոլորտում հավասարության և ներառականության վրա: Իրենց փորձով կիսվեցին Արմինե Հարոյանը (Հայ կրթական հիմնարկություն), Նունե Մինասյանը (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա), Տաթևիկ Կարապետյանը (Երևանի պետական համալսարան)։
ԵՄ փորձագետները ներկայացրին եվրոպական միտումները, քաղաքականությունները և փորձը՝ տեղահանված անձանց աջակցության և բարձրագույն կրթության մեջ բարեկեցության ապահովման համար, նրանք կարևորեցին համայնքի ներգրավվածությունը հավասարության և ներառականության տեսանկյունից:
Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ խմբային քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին, թե որքանով են ԵՄ փորձագետների կողմից ներկայացված համակարգերը և փորձը առկա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում, և որոնք են այս համակարգերից և փորձից առավել անհրաժեշտ և իրագործելի Հայաստանի համատեքստում:
Ամփոփելով աշխատաժողովը՝ ԵՄ փորձագետները կարևորեցին՝
- Հայաստանում աջակցության իրավական շրջանակի անհրաժեշտությունը, որը պետք է անդրադառնա տեղահանված ուսանողների համար փաստաթղթերի և որակավորումների ճանաչման խնդիրներին:
- Մշակութային, լեզվական խնդիրների հաղթահարումը, որոնք խանգարում են տեղահանվածների ինտեգրմանը:
- Քաղաքականության հարմարեցման կարևորությունը, օրինակ՝ այլընտրանքային ապացույցներ թույլատրելը որակավորումների ճանաչման համար, ինչը կաջակցի ավելի ներառական բարձագույն կրթության միջավայրի ձևավորմանը:
- Բռնի տեղահանված անձանց հոգեկան առողջության խնդիրներին՝ ընդգծելով ինտեգրման գործընթացում դրանց կարևորությունը։ Նրանք քննարկեցին հոգեբանական աջակցության ծառայությունների հասանելիության անհրաժեշտությունը, որը կարող է օգնել տեղահանված անձանց հաղթահարել անցյալի դժվարությունները և հեշտությամբ ներգրավվել կրթական և հասարակական կյանքում։
Մասնակիցները բարձր գնահատեցին փորձագետների մասնագիտական հմտությունները՝ շեշտելով քննարկված խնդիրների կարևորությունը և արդիականությունը Հայաստանում բարձագույն կրթության արդարության և ներառականության վերաբերյալ ռազմավարական ուղիների նախապատրաստման, ինչպես նաև հայաստանյան բուհերում ԵԲԿՏ ստանդարտներին համապատասխան աջակցության ծրագրերի ներդրման տեսանկյունից: