«Էրազմուս օրեր 2024» միջոցառումները Հայաստանում
Հոկտեմբերի 14-19-ը «Էրազմուս օրեր 2024» միջազգային տոնակատարությունների շրջանակներում Հայաստանի մի շարք կրթական հաստատություններ, այդ թվում՝
- Երևանի պետական համալսարանը,
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (Հանդիպում՝ նվիրված գիտաշխատողների հաջողության պատմություններին),
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (Արդյունքների և տպավորությունների շնորհանդես),
- Եվրասիա միջազգային համալսարանը,
- Գավառի պետական համալսարանը (Հանդես եկան եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ-ականները),
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (Հանդիպումներ ՀԱԱՀ-ի առաջին կուրսեցիների հետ),
- Շիրակի պետական համալսարանը (Էրազմուս+ T4GREEN նախագծի շրջանակներում վերապատրաստում անցած աշխատակիցների հանրային հաշվետվությունը)
- և այլ բուհեր իրականացրին Էրազմուս+ին նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ծրագրի ընձեռած հնարավորությունները, նախագծերն ու հեռանկարները:
Հոկտեմբերի 16-ին «Էրազմուս օրեր 2024» միջոցառումների ընթացքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երիտասարդ գիտնականները կիսվեցին իրենց փորձառությամբ և շարժունության ընթացքում իրականացրած գիտական աշխատանքների դրական արդյունքներով: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի մենեջեր Անի Համբարձումյանը, ով անդրադարձավ ծրագրի տարբեր հնարավորություններին, միջհամալսարանական համագործակցությունների ընդլայնման կարևորությանը և դրանց նշանակությանը Հայաստանի կրթության և գիտության զարգացման գործում:
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2023/2024 ուստարվա առաջին կիսամյակում տարբեր փոխանակման ծրագրերով արտասահման մեկնած ուսանողների գրանցած արդյունքները և ձեռքբերումները ներկայացնող շնորհանդեսը:
Ուսանողները պրեզենտացիաներում կիսվեցին իրենց տպավորություններով, ներկայացրին ձեռք բերած գիտելիքների և փորձառության կարևորությունը միջմշակութային և կրթական համատեքստում: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվորեն մասնակցեց քննարկմանը: Փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողները խոստացան սեմինարներ իրականացնել և իրենց պրակտիկ գիտելիքներով կիսվել ակադեմիայի ուսանողների հետ:
Միջոցառման ընթացքում Անի Համբարձումյանը պատասխանեց ուսանողների հարցերին` քննարկելով Էրազմուս+-ի ընձեռած հնարավորությունների առավելությունները, ինչպես նաև ծրագրից առավելագույնը ստանալու համար անհրաժեշտ քայլերը: Ուսանողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ ծրագրերի շուրջ հետաքրքրություն և ներգրավվածություն ցուցաբերելով:
Հիշեցնենք նաև, որ «Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակներում հոկտեմբերի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ը Հայաստանի ազգային գրադարանում անցկացրին «Erasmus+4ME» միջոցառումը, որի մանրամասները հասանելի են այստեղ: Իսկ «Էրազմուս օրեր 2024»-ի ընթացքում «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի կողմից իրականացված միջոցառումների ցանկը հասանելի է այստեղ։
Այս միջոցառումների իրականացումը և փորձի փոխանակումը կարևոր նշանակություն ունեցան Էրազմուս+ ծրագրի հանրայնացման, նոր ուսանողների ներգրավվածության ապահովման, ինչպես նաև հնարավոր միջազգային համագործակցությունների ստեղծման և զարգացման տեսանկյունից: