Որոնել

էրազմուս+-ի հնարավորությունները Erasmus+4ME միջոցառման շրջանակներում

«Էրազմուս օրեր 2024» միջազգային տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Erasmus+4ME» միջոցառումը, որը կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ը։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորման հնարավորությունները՝ հայաստանյան անհատ դիմորդների համար, ոգեշնչել ու մոտիվացնել նրանց՝ ներկայացնելով ծրագրի շրջանավարտների հաջողության պատմությունները։

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 130 երիտասարդներ և բարձրաստիճան հյուրեր․ ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Հայաստանում Սերբիայի հանրապետության դեսպանատան կցորդ Մարիա Կարձովիչը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի ողջույնի խոսքով։ Նա իր խոսքում նշեց, որ մեծ աշխատանք է կատարվել Հայաստանում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում, սակայն դեռ շատ բան կա անելու։ Դեսպանը կարևորեց երիտասարդներին որակյալ կրթություն տրամադրելու հնարավորությունների ընդլայնումը, և հավաստիացրեց, որ շարունակելու են նպաստել Հայաստանի կրթության, սպորտի, երիտասարդության զարգացմանը՝ տարբեր նախագծերի և միջոցառումների միջոցով։ 

Այնուհետև ներկաներին ողջունեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի նախագահ Արփինե Բաբայանը։ Իսկ միջոցառումը վարում էր «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի անդամ Նանե Բեջանյանը։ 

Միջոցառման սկզբում Արփինե Բաբայանը ներկայացրեց «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի գործունեությունը և «Էրազմուս այգու» ստեղծման գաղափարը, որը նախատեսվում է իրականություն դարձնել Էրազմուս+ ծրագրի 40-ամյակի կապակցությամբ։

Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան խոսեց Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մասին, ներկայացրեց՝ ինչպես դիմել դրանց, ինչ նախապայմաններ ու ֆինանսավորման հնարավորություններ են առկա։

Այս ծրագրի շրջանավարտներ Սերգեյ Սիրունյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Գայանե Ազնավուրյանը (Երևանի պետական համալսարան) կիսվեցին ծրագրերի մասնակցության իրենց փորձով։ Պատմեցին համապատասխանաբար Լեհաստանում և Իտալիայում իրենց համալսարանական կյանքի, հետազոտական փորձառոության, ձեռքբերումների, ճամփորդությունների մասին։

Նրան հաջորդեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի մենեջեր Արփինե Ջրաղացպանյանը, ով միջոցառման մասնակիցներին ներկայացրեց Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը,  դրանց դիմելու կարգը և ֆինանսավորման պայմանները։ 

Այս ծրագրերի շրջանակներում ունեցած իր փորձով մասնակիցների հետ կիսվեց DYCLAM+ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2022-2024թթ․ շրջանավարտ, Էրազմուս Մունդուս Ասոցացիայի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Նահապետյանը։ Նա մոտիվացիայի մեծ չափաբաժին փոխանցեց ուսանողներին՝ պատմելով իր ակադեմիական և արտալսարանային փորձառության, պրակտիկաների, իրեն հանդիպած մարտահրավերների ու դրանց հաղթահարման մասին։

Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Էրազմուս+ ոչ ֆորմալ ծրագրերի ներկայացմանը, որը մեկնարկեց «Միավորող կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներ Մարիամ Հովսեփյանի և Նոնա Հովհաննիսյանի սահիկաշարով՝ Էրազմուս+ «Երիտասարդություն» կարճաժամկետ ծրագրերի մասին։ Իսկ «Էրազմուս ուսանողական ցանց Հայաստան»-ի փոխնախագահ Մանե Ծատուրյանը ներկայացրեց Եվրոպական համերաշխության կորպուսի ծրագրերը և իր ունեցած փորձը Պորտուգալիայում։ 

Միջոցառումը եզրափակեցին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչները, ովքեր մասնակիցներին ծանոթացրին իրենց նախաձեռնությանը ու դրա անդամագրման հնարավորություններին։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բազմաթիվ հարցեր հղելու խոսնակներին և ստանալ սպառիչ պատասխաններ։ 

Ընդհանուր առմամբ, միջոցառումը համապարփակ կերպով անդրադարձավ Էրազմուս+ ծրագրի կողմից անհատներին տրվող բոլոր հնարավորություններին ու մոտիվացրեց նրանց դիմելու այդ ծրագրերին առաջիկայում։

Հրապարակված է․News & Events 2024