Որոնել

Կայացավ Mundus Talks վեբինարը

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հոկտեմբերի 11-ին  անցկացրեց «Մունդուս Talks» հանդիպումների շարքի հերթական հանդիպումը՝ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրերի հայ կրթաթոշակակիրների հետ։

«Կերտի՛ր ապագադ՝ Էրազմուս Մունդուսի միջոցով» խորագրով առցանց հանդիպման ընթացքում իրենց արժեքավոր փորձով կիսվեցին Էրազմուս Մունդուս ծրագրերի շրջանավարտներ  Աննա Նահապետյանը («Մշակութային լանդշաֆտի, ժառանգության, հիշողության և հակամարտությունների դինամիկան» DYCLAM+ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի 2022-2024թթ․ շրջանավարտ, Էրազմուս Մունդուս Ասոսացիայի հայաստանյան ներկայացուցիչ) և Սուսաննա Դանիելյանը («Թարգմանչական տեխնոլոգիաների եվրոպական մագիստրատուրա» EM TTI Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, 2022-2024թթ․)։

Հանդիպման նպատակն էր հետաքրքրված անձանց ներկայացնել ծրագրին դիմելու գործընթացի նրբությունները, ուսման ընթացքը և ազդեցությունը՝ ուսանողների կյանքի և կարիերայի վրա։ Խոսնակները ապագա դիմորդների հետ կիսվեցին խորհուրդներով դիմումի փաթեթի արդյունավետ կազմման վերաբերյալ,  ներկայացրին, թե ինչպիսի ակադեմիական և հետազոտական փորձառություն են ունեցել, ինչ մարտահրավերների հանդիպել և ինչպես լուծել դրանք, ինչ սոցիալական ծրագրերի, պրակտիկաների են մասնակցել, նեթվորքինգային ինչ հնարավորություններ են ունեցել և ինչպես օգտագործել դրանք։ Շրջանավարտները խոսեցին նաև, թե ինչպիսին էր տարբեր երկրներում ապրելու և սովորելու իրենց փորձը, ինչ մշակութային մարտահրավերների են բախվել, որոնք են մշակութային բազմազանության առավելությունները, և վերջապես ինչ ազդեցություն կարող է ունենալ ծրագիրն իրենց կարիերայի զարգացման վրա։

Խոսնակներից Աննա Նահապետյանը ներկայացրեց նաև Էրազմուս Մունդուս ասոցացիայի առաջիկա պլանները և ակնկալվող գործունեությունը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում խոսնակները պատասխանեցին մասնակիցների հարցերին և իրենց հաջողված փորձի օրինակով մոտիվացիայի մեծ չափաբաժին փոխանցեցին նրանց։ 

Հանդիպման ընթացքում ներկայացված սահիկաշարերը և հանդիպման ձայնագրությունը հասանելի են ստորև։

Հրապարակված է․News & Events 2024, Նորություններ