Միջազգային աշխատաժողով՝ «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով
Նոյեմբերի 5-6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում (Իսահակյան 36) տեղի կունենա «Խթանելով հավասարությունն ու ներառականությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով միջազգային աշխատաժողովը։
ՆՊԱՏԱԿԸ
Աշխատաժողովը նպատակ ունի՝
- բարձրացնել բարձրագույն կրթության մեջ հավասարության և ներառականության կարևորության մասին իրազեկվածությունը և բացահայտել Հայաստանի և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (EHEA) առկա մարտահրավերները,
- լիարժեք պատկերացում տալ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում գործող քաղաքականությունների, շրջանակների ու արդյունավետ փորձառությունների մասին, որոնք նպաստում են հավասարության և ներառականության ապահովմանը բարձրագույն կրթության ոլորտում:
- հիմք նախապատրաստել Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում հավասարության և ներառականության առաջխաղացման համար (ներառյալ՝ բարձրագույն կրթության բարեկեցությունը և բռնի տեղահանված բնակչությանն աջակցությունը):
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ
Աշխատաժողովը նախատեսված է բուհերի ներկայացուցիչների, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների, հոգեբանների, ուսանողների շահերը ներկայացնող կառույցների, ինչպես նաև դասախոսական կազմի և այն աշխատակիցների համար, ովքեր ներգրավված են ուսանողներին տրվող աջակցության ծառայություններում, և հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողներին աջակցելու համար:
ԽՈՍՆԱԿՆԵՐ
Աշխատաժողովի խոսնակներն են ԵՄ փորձագետներ՝ «Կրթության զարգացման ինստիտուտի» (Խորվաթիա) գործադիր տնօրեն Նինոսլավ Շչուկանեց Շմիդտը (կենսագրություն) և նույն ինստիտուտի բարձրագույն կրթության քաղաքականության փորձագետ Թոմաս Ֆարնելը (կենսագրություն)։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ
Աշխատաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու հայերենը (գործելու է համաժամանակյա թարգմանություն)։
ԳՐԱՆՑՈՒՄ
Աշխատաժողովին մասնակցելու համար՝ անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղմամբ մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ:
Աշխատաժողովը կազմակերպում են Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ԲԿԲՓ) Ռուզաննա Մինասյանի (ՀԳՊԱ Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար) և Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Մագիստրոսական ծրագրերի համակարգող) հետ համատեղ` Էրազմուս+ ԲԿԲՓ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։