Տեղի ունեցավ «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային երկօրյա սեմինարը
Ապրիլի 25-ին և 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Համատեղ մագիստրոսական ծրագրերի մշակում և իրականացում. ընթացիկ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով տարածաշրջանային սեմինարը։ Այն կազմակերպում էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Քրիստինե Գևորգյանի (ԵՊՀ Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի համակարգող) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։
Առաջին օրվա սեմինարին կենդանի տարբերակով միացել էին 25, իսկ առցանց տարբերակով՝ 103 մասնակից։ Երկրորդ օրվա սեմինարին կենդանի տարբերակով միացել էին 9, իսկ առցանց տարբերակով՝ 56 մասնակից։ Մասնակիցների թվում կային քաղաքականություն մշակողներ, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսումնական ծրագրեր մշակողներ, ինչպես նաև բարձրագույն կրթական և հետազոտական հաստատությունների միջազգային կապերի բաժնի ներկայացուցիչներ: Սեմինարները մոդերացնում էր Քրիստինե Գևորգյանը։
Ապրիլի 25-ին սեմինարը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի ավագ մասնագետ Օֆելյա Զաքարյանի և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Սվիտլանա Շիտիկովայի ողջույնի խոսքերով։
Սեմինարների հիմնական խոսնակը Ուլրիկե Կրավագնան էր, ով հանդիսանում է Գրացի համալսարանի (Ավստրիա) համատեղ ծրագրերի ղեկավարը, ինչպես նաև համակարգում է համալսարանի կողմից իրականացվող «CIRCLE» Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիրը։
Սեմինարների առաջին օրվա ընթացքում Ուլրիկե Կրավագնան ներկայացրեց համատեղ մագիստրոսական ծրագրերի կազմման փուլերի, ձևաչափերի, առավելությունների, հնարավոր մարտահրավերների և լուծման ուղիների, հաղորդակցության և կառավարման մեխանիզմների մասին։ Հաջորդիվ Տարաս Շևչևնկոյի անվան Կիևի ազգային համալսարանի Բարձրագույն Տեխնոլոգիաների ինստիտունի ներկայացուցիչ Գալինա Գրաբչուկը ներկայացրեց իրենց բուհի կողմից իրականացվող համատեղ մագիստրոսական ծրագրի կառուցվածքը, կազմման և իրականացման ընթացքում առաջացած մարտահրավերները, ինչպես նաև հաղթահարման ուղիները։
Այնուհետև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը ներկայացրեց Ցվիկաուի կիրառական գիտությունների արևմտյան սաքսոնական համալսարանի հետ իրականացվող համատեղ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը, մասնավորապես՝ ծրագրի կառուցվածքը, տևողությունը, ուսանողների ընտրության կարգը, ուսումնական ծրագրի բովանդակությունը և ֆինանսական պարտավորությունները։
Հաջորդիվ Քրիստինե Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում դեռևս միակ «Եվրոպագիտություն. իրավունք, կառավարում և հաղորդակցություն» (DEGES) Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման ընթացքում ձեռք բերած հաջողությունները, ինչպես նաև մարտահրավերները։ Նա խոսեց ծրագրի կազմման ընթացքի, ուսանողների աջակցման ծառայությունների պլանավորման կարևորության, գնահատման համակարգի, նմանատիպ ծրագրերում ներառականության գործոնը հաշվի առնելու և օրենսդրական կարգավորումների մասին։
Առաջին օրվա սեմինարը ամփոփեց Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանություն» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան, ով ներկայացրեց Եվրասիա միջազգային համալասարանի՝ Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ համատեղ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի կառուցվածքը, ուսումնական պլանի բովանդակությունը, իրականացման ընթացում առաջացած խոչընդոտները և դրանց մեղմացման մեխանիզմները։
Նախորդ օրվա հանդիպման արդյունքները վերանայելուց և հարցերին անդրադառնալուց հետո` Ուլրիկե Կրավագնան անդրադարձավ համատեղ մագիստրոսական ծրագրերի ընթացքում փաստաթղթերի պատրաստման ընթացքին, ներկայացրեց հայտադիմումների ընդունման կարգը, թիրախ խմբերի սահմանումը, ռեսուրսների հայթայթման և ֆինանսավորման ռազմավարությունը։
Հաջորդիվ մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի՝ SWOT վերլուծության մեթոդի հիման վրա քննարկելու Հայաստանում և Ուկրաինայում համատեղ մագիստրոսական ծրագրերի զարգացման և իրականացման առանձնահատկությունները։ Քննարկման արդյունքում վերհանվեցին մագիստրոսական ծրագրերի ուժեղ կողմերը, հնարավորությունները, խոչընդոտները և խոսնակի կողմից տրվեցին լուծման առաջարկներ։
Այնուհետև Ուկրաինայի Բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային գործակալության ներկայացուցիչ և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Իրինա Զոլոտարյովան ներկայացրեց Ուկրաինայում համատեղ մագիստրոսական ծրագրերի հաջողակ փորձը և կիսվեց խորհուրդներով։
Սեմինարներն ամփոփվեցին խոսնակի, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետի և սեմինարի մասնակիցների կողմից քննարկումների և արձագանքների փուլով:
Սեմինարների ընթացքում արված նկարները, պրեզենտացիաները և տեսաձայնագրությունները հասանելի են ներքևում։