Տեղեկատվական հանդիպում Տավուշի մարզում՝ Էրազմուս+ գործողությունների վերաբերյալ
Ապրիլի 16-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Հայաստանում «Էրազմուս+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի» տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին կից «Գիտելիքի Նորարարական Հաբ Տավուշ» կենտրոնում անցկացրին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզից 37 երիտասարդներ։
Տեղեկատվական հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանի՝ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու պայմանների, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև ֆինանսավորման կարգի ներկայացմամբ։ Այնուհետև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի Վիկա Մելիքբեկյանը մասնակիցների հետ կիսվեց Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի ընթացքում ստացած իր փորձով, անձնական և ակադեմիական ձեռքբերումներով, ինչպես նաև հաջողակ դիմում-հայտ ներկայացնելու խորհուրդներով։
Հանդիպման երկրորդ հատվածում «Էրազմուս+ Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի» տեղեկատվական կենտրոնի ծրագրի մենեջեր Մարիամ Ղարագյոզյանը ներկայացրեց Եվրամիության Էրազմուս+ երիտասարդության և եվրոպական կամավորական ծրագրերին դիմելու կարգը, առկա հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսավորման պայմանները։ Հանդիպումը ամփոփվեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի՝ Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի մանրամասների ներկայացմամբ։
Տեղեկատվական հանդիպումը իրականություն դարձավ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում։