Որոնել

Կայացավ «Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարները Հայաստանում» առցանց սեմինարը

2024 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ «Դեպի «կանաչ» կրթություն. «կանաչ» համալսարանների կարողությունների զարգացման հեռանկարներ Հայաստանում» թեմայով սեմինարը։ Միջոցառմանը մասնակցեցին հայկական բուհերի, Մոլդովայի և Ուկրաինայի կրթական հաստատությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ՝ նպաստելով «կանաչ» կրթությանն ու կայունությանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ գիտելիքների և կարողությունների խորացմանը, ինչպես նաև ընդգծելով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը կայուն զարգացման մարտահրավերների լուծման գործում։ 

Սեմինարը կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից՝ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Գարեգին Համբարձումյանի հետ համատեղ՝ Էրազմուս+ ԲԿԲՓ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակում։ 

Սեմինարը բացեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ ողջունելով մասնակիցներին և ներկայացնելով միջոցառման նպատակները։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը կարևորեց «կանաչ» նախաձեռնությունների ներառումը հայկական համալսարաններում՝ նշելով, որ կայունությունը ենթադրում է ոչ միայն արևային պանելներ կամ կրթական ծրագրերում փոփոխություններ, այլև շատ ավելին։

Միջոցառման հիմնական բանախոսն էր Իսպանիայի Էքստրեմադուրայի համալսարանի պրոֆեսոր Ալֆոնսո Մարսալ Ռեյնոլդսը (կենսագրություն), ով ունկնդիրներին ներկայացրեց «կանաչ» կրթության և եվրոպական համալսարաններում կայունության ռազմավարությունների վերաբերյալ իր փորձը։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ հիմնական թեմաները՝

  • Կայունության և «կանաչ» կրթության հիմնական սկզբունքները.
    • Քննարկվեցին կայունության հիմնական սկզբունքները, ներառյալ համայնքային, ֆինանսական, բիզնեսի, կազմակերպչական և բնապահպանական կայունությունը։
    • Ներկայացվեցին կայուն կրթության երեք սյուները՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական։
  • «Կանաչ» կրթությունը ԵՄ բուհերում.
    • Ներկայացվեցին եվրոպական համալսարանների կողմից որդեգրված ռազմավարությունները, ինչպես օրինակ Դելֆտի տեխնիկական համալսարանի կանաչ տանիքները, որոնք նվազեցնում են էներգիայի ծախսերը՝ միաժամանակ ապահովելով սոցիալական առավելություններ, Կոպենհագենի համալսարանի «կանաչ» շարժունակությունը՝ առաջարկելով ընդհանուր հեծանիվներ և էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ, Ալտոյի համալսարանի աղբի վերամշակման ծրագրիրը, որի շնորհիվ նվազեցվում է թափոնների արտադրությունը։
  • ԵՄ համալսարանների առջև ծառացած մարտահրավերները.
    • Քննարկվեցին ուսանողների, դասախոսների և համայնքների ներգրավվածության հետ կապված խնդիրները, սահմանափակ տեղեկացվածությունը, կրթական ծրագրերում կայունության ինտեգրման դժվարությունները և ռեսուրսների պակասը։
  • EUGREEN՝ Կայունության Համար Եվրոպական Համալսարանների Դաշինք
    • Ներկայացվեց EUGREEN դաշինքը, որը միավորում է 9 համալսարան՝ 24 մասնաճյուղերով՝ խթանելու կրթությունը, գիտահետազոտական աշխատանքները և նորարարությունը՝ միտված Կայուն զարգացման նպատակներին (SDGs)։

Սեմինարի ավարտին պրոֆեսոր Ռեյնոլդսը ընդգծեց «կանաչ» կրթության կարևորությունը որպես կայունության հիմնաքար և նշեց EUGREEN ծրագրի դերը եվրոպական համալսարանների համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Կարևոր է նշել, որ Հայաստանում իրականացվում են մի շարք Էրազմուս+ նախագծեր, որոնց նպատակն է խթանել «կանաչ գործարքը»։ Դրանցից են T-GREEN, AFISHE և RE-GRAD նախագծերը, որոնք ուղղված են «կանաչ» կրթության խթանմանը և նորարարական գաղափարների գեներացմանը: Կայունությանն ուղղված համապարփակ ուսումնասիրություններից է «Բարձրագույն կրթության կանաչեցում Արևմտյան Բալկաններում, Արևելյան և Հարավային հարևանություն, և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում» ուսումնասիրությունը, որը մշակվել է SPHEREև տարածաշրջանային աշխատանքային խմբերի կողմից՝ ընդգրկելով Արևմտյան Բալկաններ, Արևելյան Գործընկերություն, Միջերկրական և Կենտրոնական Ասիա տարածաշրջանները: Ուսումնասիրությունը կարևոր ռեսուրս է  կանաչեցման ուղղությամբ տարածաշրջանային մոտեցումները հասկանալու տեսանկյունից:

Այս միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ էր՝ ուղղված կայուն և «կանաչ» կրթության մասին գիտելիքների տարածմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև շարունակական համագործակցությունների ստեղծմանը և ամրապնդմանը:

Հրապարակված է․News & Events 2024, Նորություններ