Կայացան Էրազմուս+ Ծրագրի Ազգային մեկնարկային օրերը
Մայիսի 30-31-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջողությամբ իրականացրին ԵՄ Էրազմուս+ ծրագրի 2022թ․ մրցույթում բարձրագույն կրթության և մասնագիտական կրթության ու ուսուցման ոլորտում հաղթած հայաստանյան նախագծերի Ազգային մեկնարկային օրերը։
Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայացվեցին 2022 թվականին Էրազմուս+ դրամաշնորհ ստացած բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները: Այս միջոցառումների նպատակն էր տեսանելի դարձնել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական Միության միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակալի ազդեցությունը երկրում մասնագիտական կրթության և հմտությունների զարգացման վրա։
Միջոցառման առաջին օրը նվիրված էր Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ ծրագրի ձեռքբերումներին: Պաշտոնական ողջույնի խոսքի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ընդգծեցին ԵՄ Էրազմուս+ ծրագրի կարևորությունը Հայաստանի և Եվրոպական միության կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման գործում։ Փոխնախարարը նշեց, որ ծրագիրը վճռորոշ դեր է խաղում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի զարգացման և առաջընթացի գործում՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակներում ընդունված բարեփոխումներին համապատասխան։
Հեռավար ողջույններ հցեղին նաև Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) և ԵՄ հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինության ներկայացուցիչները՝ համապատասխանաբար տիկին Լուչիա Ջիանիննին և տիկին Կինգա Բերեզա-Հուսակը: Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող տիկին Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ տարածաշրջանային վիճակագրությունը, ընդգծելով Գործողություններ ինչպիսիք են Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացումը և Ժան Մոնեն:
Դրան հաջորդեցին չորս նոր կարողությունների զարգացման նախագծերի շնորհանդեսներ՝ ուղղված կանաչ հմտությունների զարգացմանը (T-GREEN), նոր ուսումնական ծրագրին ակվակուլտուրայի և ձկնորսության ոլորտում (AFISHE), միջազգային նորարարական նախագծերի համար իրավասությունների ձևավորմանը (COMPIIT) և օնլայն կրթության որակի ամրապնդմանը (MEDIA), ինչպես նաև «DEGES» Էրազմուս Մունդուս նախագիծը և Ժան Մոնե իրավաբանության ամբիոնը:
Միջոցառումների երկրորդ օրը նվիրված էր մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում կարողությունների զարգացման նախագծերին: Միջոցառումը մեկնարկվեց ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսյա Սվաջյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի ողջույնի խոսքերով։ Մասնակցում էին ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչներ՝ նախնական և միջին մասնագիտական մասնագիտական հաստատություններ, սոցիալական գործընկերներ, գործատուներ, հասարակական կազմակերպություններ և ՄԿՈւ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող այլ շահառու կազմակերպություններ: Տիկին Սվաջյանն ընդգծեց, որ այժմ Էրազմուս+-ն աջակցում է Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության որակի ամրապնդմանն ու միջազգայնացմանը, ինչը նոր նախաձեռնություն է։ «Էրազմուս+» CBVET նախագծերի իրականացումը ներառում է համագործակցությունների հաստատում, համատեղ ծրագրերի մշակում և կրթական ծրագրերի բովանդակության որակի բարձրացում: Պարոն Հեսսը կարևորեց Ծրագրի ուշադրությունը աշխատունակությունը և նորարարությունը խթանող ձեռնարկատիրական հմտությունների ձեռքբերման վրա:
Հաջորդիվ CBVET երեք նոր նախագծերի հայաստանյան շահառուները խոսեցին այդ նախագծերի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին՝ ուղղված սոցիալական ձեռներեցության սխեմաների զարգացմանը (S.E. VET), ՄԿՈւ-ի համար միկրո-հավատարմագրերի ստեղծմանը (BEM), ինչպես նաև շենքերում կանաչ և խելացի էլեկտրականության համար ՄԿՈւ համագործակցության խթանմանը (VET4GSEB):
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պանելային քննարկում, որը վարում էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Տիգրան Միքայելյանը։ Քննարկման մասնակիցներն էին Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, Հայ-ֆրանսիական քոլեջի տնօրեն Գոհար Գրիգորյանը, «Բիզնես և կրթություն համագործակցություն» հիմնադրամի ղեկավար Մարինե Ժամկոչյանը և Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Պետրոսյանը։ Պանելային դինամիկ և ինտերակտիվ քննարկման ընթացքում տեղի ունեցավ հարց ու պատասխան, շահագրգիռ կողմերը քննարկեցին նաև մասնագիտական կրթության և հմտությունների փոխկապակցվածությունը՝ «Հմտությունների տարի 2023» խորագր ներքո: