Էրազմուս+ ազգային գրասենյակների նեթվորքինգային հանդիպումները Գործադիր գործակալության, Ազգային գործակալությունների և այլ գործընկերների հետ
Ս․թ․ հունիսի 13-14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացան Էրազմուս+ ազգային գրասենյակների նեթվորքինգային հանդիպումները` կազմակերպված Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից։ Հանդիպումներին մասնակցում էին Էրազմուս+ ազգային գրասենյակներ 20 երկրներից, իսկ հայաստանյան գրասենյակը ներկայացնում էին Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի ղեկավար Արփինե Ջրաղացպանյանը։
Նեթվորքինգային հանդիպումների նպատակն էր բացահայտել Էրազմուս+ ծրագրի արդյունքները, սահմանված առաջնահերթությունները, հաստատել նոր կապեր և համագործակցություններ։
Երկօրյա միջոցառումը ՛մեկնարկեց Գործակալության գործող տնօրեն Սոֆի Բեերնարտսի և բաժնի ղեկավար Բարբարա Գեսսլերի ողջույնի խոսքերով, որոնց հաջորդեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Էդրիան Վիըլի ներկայացումը՝ Էրազմուս+ ծրագրի վերջին տարիներին գրանցած արդյունքների և առաջնահերթությունների վերաբերյալ։
Հաջորդիվ, միջոցառման մասնակիցները ծանոթացան Ծրագրի վերջին զարգացումներին ու նորություններին, ստացան գործնական խորհուրդներ՝ Ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև հաշվետվությունների կազմման վերաբերյալ։
Հանդիպումների կարևորագույն կետերից էր նաև տարածաշրջանային նիստը, որի ընթացքում Էրազմուս+ ազգային գրասենյակների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու Ծրագրի իրականացման ընթացքում Գրասենյակի, բուհերի, ՄԿՈւ-ների, ակադեմիական հանրության և ուսանողների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ստանալ դրանց վերաբերյալ պատասխաններ կամ առաջիկայում այդ խնդիրների լուծման հնարավորություններ։
Միջոցառումը եզրափակվեց Ծրագրին ասոցացված երկրների Ազգային գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով (Նիդեռնալդներ, Սերբիա, Հունգարիա, Իսպանիա, Ֆրանսիա), որոնց արդյունքում ձեռք բերվեցին մի շարք հստակ համագործակցային պայմանավորվածություններ, որոնց մանրամասներին առանձին կտեղեկացնենք շատ շուտով։