Տեղեկատվական հանդիպումներ Էրազմուս+ ծրագրի գործողություններում նորեկ կազմակերպությունների հետ
Էրազմուս+ ծրագրի գործողությունների տարածման, տրամադրվող ֆինանսավորման և հնարավորությունների մասին շահառուներին իրազեկելու նպատակով՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք տեղեկատվական հանդիպումներ վերջին ամսվա ընթացքում։ Հանդիպումների թիրախում Էրազմուս+ ծրագրի գործողություններում նորեկ կազմակերպություններն էին, որոնք նախկինում չեն օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից։
Հանդիպումների ձևաչափը հետևյալն էր՝ տվյալ կազմակերպության կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան Էրազմուս+ գործողության ներկայացում, կազմակերպության ներկայացուցիչների հարցերի քննարկում և պայմանավորվածությունների ձեռքբերում։
Տեղեկատվական հանդիպումների վերաբերյալ մանրամասները ներկայացնում ենք ստորև․
Հայկական կոդ ակադեմիա (ACA), փետրվարի 24։ ACA-ը առաջատար կրթական հաստատություն է, որի նպատակն է տեխնիկական կրթությունը համապատասխանեցնել ոլորտի կարիքներին, խթանել փորձի վրա հիմնված, համապարփակ և շարունակական կրթական հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ծանոթացան Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» և «Վիրտուալ փոխանակումներ ԲԿ և երիտասարդության համար» գործողություններին, դրանց պայմաններին, առանձնահատկություններին, դիմելու կարգին և ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
Արփի Սոլար. Մարտի 1։ «Արփի Սոլար» ընկերությունը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի ամենափորձառու ընկերություններից մեկն է։ Այս ընկերության ղեկավար կազմը բավականին հետաքրքրված էր Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում», «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողություններով, ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ և աշխատանքի վրա հիմնված ուսուցմամբ։ Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները ուղղորդեցին նրանց նախագծի մշակման, գործընկերների որոնման, մասնակիցների նույնականացման ծածկագրի (PIC) գրանցման և ընկերությանը հուզող այլ հարցերի հետ կապված, ինչպես նաև տրամադրեցին անհրաժեշտ նյութեր և տեսասահիկներ հանդիպումից հետո։
Հայկական բժշկական ինստիտուտ, մարտի 6։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմին ներկայացրին Էրազմուս+ ծրագրի «Միջազգային կրեդիտային շարժունություն» և «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողությունները։ Հանդիպման մասնակիցները հատկապես հետաքրքրվեցին ինստիտուտներում շարժունության ներքին գործընթացների կազմակերպմամբ, միջազգային գործընկերների որոնման տեխնիկաներով, իսկ Գրասենյակի ներկայացուցիչները նրանց մոտիվացրին ՀՀ այլ բուհերի և ինստիտուտների՝ միջազգային կրեդիտային շարժունության ոլորտում գրանցած հաջողություններով։
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ, մարտի 14։ Հիմնադրամի հրավերով Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ԲԿ և երիտասարդության համար» գործողության մանրամասները ներկայացրին հետևյալ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կենտրոն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ, «Հոդված 3» ակումբ, «Կողբ» հիմնադրամ, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ, «Ռեստարտ» հիմնադրամ, Բուն TV, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամ, «ՅՈՒՆԻՍԵՖ», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ: Վերջիններիս ներկայացուցիչները ակտիվ քննարկում ծավալեցին գործողության ընձեռած հնարավորությունների շուրջ, դիտարկեցին միմյանց միջև հավանական համագործակցության ուղիներ և Գրասենյակի աշխատակիցների կողմից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ շահառուների շրջանում Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները հնարավորին չափ լայն տարածելու և առաջխաղացնելու նպատակով։
[/vc_column_text][/vc_column][/vc_row]