Գործնական հանդիպումներ «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկման շրջանակում
2022 թվականի նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և ՀՀ կրթության, գիիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկումից հետո մասնակիցների շրջանում անց կացված հարցման արդյունքում որոշում կայացվեց շարունակել թեմայի վերաբերյալ քննարկումները։
Թեմատիկ քննարկմանն ընդգրկված Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման մի քանի նախագծերի հրավերով քննարկման մասնակիցների համար կազմակերպվեցին գործնական այցեր և վերապատրաստումներ։
Այսպիսիով՝ ս․թ հունվարի 27-ին, «Դասավանդման և Ուսումնառության մեթոդներ» թեմատիկ քննարկման շրջանակում գործնական այցով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի Էկոլոգոնանոսֆերային հետազոտությունների կենտրում հյուրընկալվեցին հայաստանյան մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացան կենտրոնի դասավանդման և հետազոտության նոր և նորարարական մեթոդներին և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի և Գիտակրթական Միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնում իրականացվող նախագծահեն միջառարկայական կրթության առանձնահատկություններին:
Հյուրերը շրջայց են կատարել և ծանոթացել Էրազմուս+ բուհերի կարողությունների զարգացման Menvipro նախագծի շրջանակում ստեղծված ERLEP լաբորատորիային:
Շարունակելով գործնական հանդիպումները, Երևանի պետական համալսարանի կողմից համակարգվող PRINTeL բուհերի կարողությունների զարգացման նախագծի մասնակից դասախոսների կողմից ս․թ․ փետրվարի 1-ից մինչև ս․թ․ փետրվարի 7-ը անց են կացվել վերապատրաստումներ։
Վերապատրաստումներն անց են կացրել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության, քիմիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դասախոսները, որոնք Էրազմուս+ PRINTeL կարողությունների զարգացման նախագծի շրջանակում վերապատրաստումներ էին անցել եվրոպական առաջատար բուհերում, այդ թվում՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանում, Բարսելոնայի, Լինկյոփինգի, Պորտոյի համալսարաններում:
Վերպատրաստումներն անցկացվեցին հետևյալ թեմաներով՝ «Ակտիվ ուսումնառությունը և ակտիվ ուսումնառական մեթոդների կիրառումը թվային ուսումնական միջավայրի համատեքստում», «Շրջված դասարան մոդելի կիրառման առավելությունները և սահմանափակումները», «Տեսանյութերը որպես ուսուցման գործիք», «Համակցված դասավանդում և ուսուցում», «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում․ մոբայլ ուսումնառություն և խաղայնացում»:
Վերապատրաստումների սահիկաշարերը հասանելի են ստորև։