Տեղեկատվական հանդիպումներ՝ Էրազմուս+ ծրագրի գործողությունների վերաբերյալ
Մարտի 17-27-ը Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց մի շարք հանդիպումներ ծրագրի տարբեր գործողություններով հետաքրքրված կազմակերպությունների հետ։ Հանդիպումները նպատակ ունեին իրազեկել կազմակերպություններին Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունների և ֆինանսավորման մասին, ինչպես նաև քննարկել նրանց հետաքրքրող հարցերը և գաղափարները։
Հանդիպումների մանրամասները ներկայացնում ենք ստորև․
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, մարտի 17: Ինստիտուտի հրավերով Էրազմուս+ գրասենյակի ներկայացուցիչները ինստիտուտի անձնակազմին ներկայացրին Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության, ինչպես նաև Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մանրամասները։ Պարզաբանվեցին բոլոր հարցերը, ուրվագծվեցին նախագծերի և հավանական համագործակցությունների եզրերը։
Ավիաուսումնական կենտրոն, մարտի 22: Կենտրոնի ներկայացուցիչները շրջայց կազմակերպեցին Գրասենյակի ներկայացուցիչների համար և ծանոթացրին տեխնիկական հագեցվածությանը, ուսումնական նյութերին, փորձարարական դասասենյակներին։ Իսկ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկաներին ծանոթացրեց «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում Կարողությունների զարգացման» Գործողության ընձեռած հնարավորություններին և ֆինանսավորման պայմաններին։
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, մարտի 27: Ինստիտուտը լազերային ֆիզիկայի և նյութաբանության, ինչպես նաև հարակից ոլորտներում աշխատող պետական գիտական հաստատություն է: Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենին և աշխատակիցներին ներկայացրին Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության մանրամասները, քննարկեցին առկա գաղափարները, պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։