Որոնել

Կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողության վերաբերյալ

Մարտի 6-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը իրականացրեց Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողությանը նվիրված առցանց հանդիպում, որի նպատակն էր ներկայացնել գործողությանը դիմելու կարգը, պայմանները, համագործակցության հնարավոր շրջանակները և Հայաստանի մասնակցությամբ արդեն իսկ ֆինանսավորված հաջողակ նախագծերը։

Հանդիպումը մեկնարկեց  UNICollaboration կազմակերպության գործադիր տնօրեն ու նախագծերի ղեկավար, ԵՄ բարձրագույն կրթության և վերապատրաստումների գծով նախագծերի փորձագետ Սառա Պիտտարելլոյի շնորհանդեսով, որի ընթացքում տիկին Սառան ներկայացրեց վիրտուալ փոխանակումների գաղափարը, խոսեց դրանց տեսակների, այդ տեսակների առավելությունների ու թերությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց բարձրագույն կրթության և երիտասարդության ոլորտում վիրտուալ փոխանակումների գծով մի շարք նախագծերի օրինակներ։

Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց հենց Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողությունը, դրան դիմելու պայմանները, դիմողների համար սահմանված չափանիշները, թեմատիկ ուղղությունները և ժամկետները։ Նշենք, որ այս գործողությանը դիմելու վերջնաժամկետը այս տարի ապրիլի 25-ն է։ 

Տեղեկատվական հանդիպման երկրորդ հատվածը նվիրված էր Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողության շրջանակներում հայկական կազմակերպությունների մասնակցությամբ ֆինանսավորված նախագծերի ներկայացմանը։ 

Առաջինը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, Թվային փոխակերպումների և տվյալների վերլուծության կենտրոնի համակարգող Սոս Խաչիկյանը ներկայացրեց «Թվային հմտությունների վիրտուալ փոխանակում և կրթություն» (VIRTUALLYEDU) նախագիծը, դրա ընդհանուր նկարագիրը, նպատակները, այդ նպատակներին հասնելուն միտված գործողությունները, ինչպես նաև ՀՊՏՀ դերը նախագծում։ Այս նախագծի շրջանակներում կմշակվի ուսումնական ծրագիր, որը բաղկացած կլինի թվային հմտությունների և կիբերանվտանգության վերաբերյալ 10 դասընթացներից և կթիրախավորի շուրջ 2500 ուսանողի։

Հանդիպումը եզրափակեց Երևանի պետական համալսարանի Դրամաշնորհների համակարգման դեպարտամենտի ղեկավար Արսեն Ապրոյանը՝ ներկայացնելով Էրազմուս+ «Կլիմայի համալսարան վիրտուալ փոխանակումների համար» (CLUVEX) նախագծի հիմնական նպատակները, նախագծի շրջանակներում իրականացված գործողությունները և ակնկալվող արդյունքները։ Նախագիծը թիրախավորել է իրականացնել վիրտուալ փոխանակումների 5 մրցույթ և կազմակերպել ինտերակտիվ առցանց սեմինարներ, թրեյնինգներ 2024-2026 թթ. ընթացքում։ 

Հանդիպումը հնարավորություն տվեց խոսնակներին, մասնակից բուհերին ու ՀԿ-ներին փոխանակվելու մտքերով և կոնտակտներով՝ առաջիկայում համագործակցության շրջանակները քննարկելու համար։

Հիշեցնենք, որ Էրազմուս+ «Վիրտուալ փոխանակումներ ուսանողների և երիտասարդների համար» գործողության շրջանակներում իրականացվող նախագծերը ուղղված են երիտասարդների միջև առցանց փոխանակման գործողությունների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով խթանել մասնակիցների միջմշակութային երկխոսության և փափուկ հմտությունների զարգացումը՝ առանց ֆիզիկական տեղաշարժման: Գործողությանը կարող են դիմել բուհեր, հասարակական կազմակերպություններ, բուհերին հարող ասոցիացիաներ, ուսանողական կամ ուսուցչական նախաձեռնություններ (գրանցում ունեցող)։ 

Տեղեկատվական հանդիպման ընթացքում ցուցադրված պրեզենտացիաները, ձայնագրոությունը և նկարները հասանելի են ստորև։

Հրապարակված է․News & Events 2024