Տեղի ունեցավ «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների ներկայացմանն ուղղված հանդիպումը
Մայիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ISTC կենտրոնում տեղի ունեցավ «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների ներկայացմանն ուղղված հանդիպումը։ Այն կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը, ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնը և Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների խումբը։
Հանդիպումը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի ողջույնի խոսքերով։ Այնուհետև Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց հանդիպման օրակարգը և նպատակները։
Հետազոտության հիմնական նպատակը ներկայացրեց ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը՝ մասնավորապես նշելով, որ հետազոտության նպատակն էր հավաքագրել և ներկայացնել ՀՀ բուհերում առկա կարիքների և մարտահրավերների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 6 հիմնական ուղղություններով (համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական ﬕջավայրի ստեղծում, կրթության կառավարման արդյունավետության բարձրացում, ուսուցում և ուսումնառություն, թվայնացում, կրթական ծառայությունների և արտադրանքի ﬕջազգայնացում, հետազոտության ﬕջազգայնացում) և ներկայացնել լուծման ուղիներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու համար։
Այնուհետև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց հետազոտության երկու բաղադրիչների՝ կրթության կառավարման արդյունավետության բարձրացման և թվայնացման հետ կապված հիմնական խնդիրները, ինչպես նաև բարելավվմանն ուղղված առաջարկներ։
Հաջորդիվ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ և Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետ Տիգրան Միքայելյանը խոսեց հետազոտության մեկ այլ բաղադրիչի՝ կրթական ծառայությունների, արտադրանքի և հետազոտության ﬕջազգայնացման մասին։ Իր խոսքում նա ներկայացրեց հայաստանյան կրթության միջազգայնացման առկա իրավիճակը, միջազգային հարթակում ՀՀ կրթության տեսանելիության մակարդակը, հայաստանյան բուհերի միջազգայնացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց հասցեագրման մեխանիզմները։
Հանդիպման վերջին խոսնակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար, Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետ Ռուզաննա Մինասյանն էր, ով ներկայացրեց հետազոտության հաջորդ երկու բաղադրիչները՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական ﬕջավայրի ստեղծում, ուսուցում և ուսումնառություն։ Նա ներկայացրեց ազգային և միջազգային մակարդակներում ներառական կրթության առաջնահերթությունները, դրա ապահովման մեխանիզմները, ներառական ուսուցման մեթոդները, այդ մեթոդների ներդրման մարտահրավերները և հնարավոր լուծումները։ Հանդիպումը ամփոփվեց խոսնակների և մասնակիցների միջև հարց ու պատասխանով։
Հարցման արդյունքները և վերլուծությունն օգտակար կլինեն ազգային, ինչպես նաև ինստիտուցիոնալ մակարդակներում բարեփոխուﬓերի իրականացման ընթացքում։ Հետազոտության ընթացքում կիրառված հարցաթերթը մշակվել է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» առաջնահերթությունների հիման վրա՝ ամփոփելով բուհերի կողﬕց ազգային մակարդակում նախանշված ռազմավարական նպատակների իրականացման ընթացքում առաջնային խնդիրները և կարողությունների զարգացման առաջնահերթությունները։
Հետազոտությունը հասանելի է այստեղ։
Հետազոտությունն իրականացվել է Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխուﬓերի փորձագետների (ԲԿԲՓ) կողﬕց՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) աջակցությամբ։