Որոնել

Աշխատաժողով՝ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով

Հունիսի 6-7-ին կկայանա «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով աշխատաժողովը՝ նախատեսված կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների և բուհերի վարչական (հատկապես՝ ղեկավար) անձնակազմի ներկայացուցիչների համար։ 

Աշխատաժողովը տեղի կունենա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Այն կազմակերպվում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի (ԲԿԲՓ) ներկայացուցիչ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի կողմից` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Անկախացումից ի վեր Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտը ենթարկվել և շարունակում է ենթարկվել զգալի փոփոխությունների՝ մոտենալով եվրոպական բարձրագույն կրթությանը և նպատակ ունենալով բարձրացնելու բուհերի մրցունակությունը: Այս փոփոխություններին զուգընթաց բուհերի մոտ առաջանում է անհրաժեշտություն՝ ընդունելու առաջնորդության և կառավարման նոր մոտեցումներ` ապահովելու այդ բարեփոխումների արդյունավետ և հաջող նախագծումն ու իրականացումը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները.

  • կուսումնասիրեն կառավարման տարբեր մոդելներ և դրանց ազդեցությունը համալսարանի գործունեության վրա,
  • ձեռք կբերեն եվրոպական բարձրագույն կրթության ոլորտում կառավարման կառուցվածքների վերաբերյալ ամբողջական պատկերացում,
  • կստանան մի շարք գիտելիքներ և առաջնորդության հմտություններ, որոնք անհրաժեշտ են համապատասխան կառավարման մեխանիզմներ և գործընթացներ մշակելու համար,
  • կվերլուծեն իրենց համալսարանի կառավարման կառուցվածքը, որոշումների կայացման մեխանիզմները ու գործընթացները և կբացահայտեն բարելավման ենթակա ոլորտները,
  • կկարողանան մշակել սեփական առաջնորդության հմտությունները բարելավելու ռազմավարություններ՝ փոխակերպումների միջով անցնելու և դրական ուսումնական միջավայր ստեղծելու համար:

ԽՈՍՆԱԿ

Աշխատաժողովի հիմնական խոսնակն է Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (ԵՀԱ) Կառավարման, դրամաշնորհային և հասարակական քաղաքականության զարգացման տնօրեն, դոկտոր Թոմաս Էստերմանը։ ԵՀԱ-ում նա պատասխանատու է բուհերի ինքնավարության, կառավարման և ֆինանսական կայունության ամրապնդմանն ուղղված աշխատանքների համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒ

Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է։

ԳՐԱՆՑՈՒՄ

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հունիսի 5-ը ներառյալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։ 

Հրապարակված է․News & Events 2024