Էրազմուս Մունդուս 2023թ մինչ մեկնման հանդիպում ԵՄ պատվիրակությունում
Հուլիսի 11-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից կազմակերպվեց մինչ մեկնման կողմնորոշիչ հանդիպում Էրազմուս Մունդուս 10 նոր հայ կրթաթոշակակիրների համար:
Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 7 իգական սեռի և 3 արական սեռի շրջանավարտներ արժանացան Էրազմուս Մունդուս ամբողջական կրթաթոշակին՝ շարունակելու իրենց մագիստրատուրան Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսրայելում և Մեծ Բրիտանիայում։ Նրանց ուսումնառության մասնագիտական առարկաներն են՝ Ճարտարագիտություն, Կիբերանվտանգություն, Հանրային Առողջություն, Կինոարդյունաբերություն, Նյարդագիտություն, Բնապահպանական Գիտություններ, Ֆիզիկական Գիտություններ և Կենսաքիմիա:
Կողմնորոշիչ հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնությունների բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական բաժնի մասնագետ Արսինե Աղաջանյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։
Կրթաթոշակիրներին ուղղված իրենց ելույթի ժամանակ պրն․ Հեսսը և տկն․ Աղաջանյանը մատնանշեցին Էրազմուս Մունդուս կրթաթոշակի եզակի բնույթը, ինչի արդյունքում մագիստրոսի աստիճանաշնորհությունը տեղի է ունենում ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս ակադեմիական շարժունության և համատեղ կամ բազմակի դիպլոմների ճանաչման միջոցով: Նրանք ուսանողներին մաղթեցին հաջողություն և մասնագիտական նոր բարձունքներ:
Տկն․ Կառլովան խոսեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Եվրոպայում սովորելու հնարավորությունների մասին։ Այնուհետև Էրազմուս Մունդուս Ուսանողական Ասոցիացիայի անդամ Էդիթ Սողոմոնյանը նոր կրթաթոշակառուներին ներկայացրեց Ասոցիացիան և իր հնարավորությունները՝ հրավիրելով նրանց միանալ անդամակցության հարթակին և ակտիվորեն ներգրավվել Ասոցիացիայի ցանցերում և կամավորական աշխատանքում որպես Էրազմուս Մունդուս համայնքի անդամներ:
Հաջորդ նիստի ընթացքում Էրազմուս Մունդուս “Erasmus Mundus European Literary Cultures (CLE)” և “Joint Master’s Degree in Comparative Local Development (CODE)” մագիստրոսական ծրագրերի շրջանավարտներ Անի Համբարձումյանը և Ալյոնա Հովհաննիսյանը խոսեցին իրենց Էրազմուս Մունդուս կրթական ծրագրերի առավելությունների մասին՝ կիսվելով ԵՄ մի քանի երկրներում ապրելու և բազմամշակութային աշխարհում հաղորդակցվել սովորելու վերաբերյալ խորհուրդներով:
Այնուհետև մասնակիցները հնարավորություն ունեցան վիզաների և մշակութային հարցերի շուրջ Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և “Traveler Club” տուրիստական կազմակերպության տնօրեն Միքաելլա Արզումանյանի հետ քննարկում ունենալ: Տկն․ Կոլանջելոն ներկայացրեց նաև Իտալիայում մագիստրոսական և երրորդ աստիճանի (PhD) կրթություն ստանալու համար դեսպանատան կրթաթոշակային հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կրթաթոշակակիրները մասնակցեցին «Միջմշակութային հաղորդակցությունն արտերկրում սովորելու ընթացքում» թեմայով սեմինարին, որը վարեց Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Անի Կոջոյանը:
Հարկ է հիշեցնել, որ Էրազմուսի նոր ծրագրերի 2021-2027 թվականների բյուջեն կազմում է 26,2 միլիարդ եվրո՝ նախորդ 2014-2020 թվականների յոթնամյա շրջանի 14,7 միլիարդ եվրոյի դիմաց: Այս զգալիորեն ավելացած բյուջեով Էրազմուս+-ը կլինի ավելի ընդգրկուն, ավելի թվային և ավելի կանաչ:
[/vc_row]