Տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում
Հուլիսի 10-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջում։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորություններին և դրանց պայմաններին։
Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ակադեմիական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներից բացի՝ հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ նաև Երևանի Հայ-հունական պետական քոլեջից, «Հայբուսակ» բազային քոլեջից, Երևանի Հայբուսակ համալսարանից, Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջից, Հյուսիսային համալսարանից, «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջից, ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջից և Երևանի պետական հումանիտար քոլեջից։
Հանդիպման ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» Գործողության մանրամասները, մասնակցության վավերապայմանները, կոնսորցիումի կազմը, ներկայացվող նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, բյուջեի կառուցվածքը և այլ մանրամասներ։ Մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում և հարց ու պատասխան։ Հանդիպման ավարտին նրանք հնարավորություն ունեցան կոնտակտներով փոխանակվելու և համագործակցային կապեր հաստատելու։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։