Որոնել

Տեղեկատվական հանդիպում Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում

Հուլիսի 12-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Ստեփանավանի՝ պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և դրանց ձեռքբերման պայմանները։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող տիկին Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման» Գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, կոնսորցիումի կազմը, նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, բյուջեի բաշխվածությունը և այլ մանրամասներ։

Բացի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի ակադեմիական և վարչական անձնակազմից՝ հանդիպմանը մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջից և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջից, ովքեր հնարավորություն ունեցան գործընկերների հետ մասնագիտական քննարկում ունենալու և նոր կապեր հաստատելու։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․