Հիբրիդային աշխատանքային հանդիպում հայաստանյան բուհերի միջազգային կապերի գրասենյակների ներկայացուցիչների հետ
2021 թվականի հոկտեմբերի 21-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը նախաձեռնեց հանդիպում հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների Միջազգային հարցերով զբաղվող գրասենյակների ներկայացուցիչների հետ։ Հիբրիդային միջոցառումը համախմբեց 17 բուհերի աշխատակիցների: Այն օֆլայն ռեժիմով անցկացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) և առցանց Zoom վիդեոկոնֆերանսային հարթակի միջոցով։
Հանդիպման ներածական հատվածը վարեցին Էրազմուս+գրասենյակի համակարգող տկն․ Լանա Կառլովան և ՀԱՊՀ նորանշանակ պրոռեկտոր պրն․ Սարգիս Ասատրյանցը։ Պրն․ Ասատրյանցը կարևորեց միջբուհական համագործակցությունը կրթական և հետազոտական նախաձեռնությունների, ինչպես նաև բուհերի միջև առողջ մրցակցության խթանման գործում:
Տկն․ Կառլովան հակիրճ ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում առկա զարգացումները, ինչպես նաև խոսեց Էրազմուս+ 2021-2027 թվականների նոր ծրագրի մասին՝ ընդգծելով ծրագրի հորիզոնական առաջնահերթությունները, այն է՝ ներառականությունն ու բազմազանությունը, թվային փոխակերպումը, շրջակա միջավայրը և պայքարը կլիմայի փոփոխության դեմ:
Հանդիպման ավարտին Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ տկն․ Աննա Գևորգյանը և տկն․ Քրիստինա Գևորգյանը ներկայացրին 2015-2020 թվականներին Հայաստանում իրականացված Կարողությունների զարգացման ծրագրերի ազդեցությունը գնահատող ուսումնասիրության արդյունքները։ ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ տասը կարողությունների զարգացման ծրագրերն ուսումնասիրվել և գնահատվել են չորս հիմնական տեսանկյունից՝ 1) ուսումնական ծրագրեր, 2) քաղաքականության մշակում, 3) ներառականություն և 4) միջազգայնացում, մինչդեռ դրանց ազդեցությունն ինքնին չափվել է երեք մակարդակներում՝ անհատական, ինստիտուցիոնալ և ազգային:
Comments (No Responses )
No comments yet.