Բարձրագույն կրթության ոլորտում Կարողությունների զարգացման ծրագրերի վիրտուալ տոնավաճառ
Ս․թ․ հոկտեմբերի 26-27-ը տեղի ունեցավ Բարձրագույն կրթության ոլորտում Կարողությունների զարգացման ծրագրերի վիրտուալ տոնավաճառը, որը կազմակերպվել էր Եվրոպական, կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից:
Շուրջ 100 ծրագրեր ամբողջ աշխարհից ներկայացրին իրենց արդյունքները: 2015-2020 թվականներին ֆինանսավորում ստացած նախագծերը հանդես եկան տոնավաճառի թեմատիկ նիստերում, որոնց մասնակցում էին բուհական ներկայացուցիչներ, ուսանողներ և քաղաքականություն մշակողներ՝ նպատակ ունենալով ոգեշնչել և նպաստել հաջորդ սերնդի Կարողությունների զարգացման ծրագրերի ձևավորմանը:
Վիրտուալ տոնավաճառը հնարավորություն ընձեռեց լսելու դասախոսների և համալսարանական այլ ներկայացուցիչների, որոնք կարողացել են բարելավել դասավանդման մեթոդաբանությունը, կրթության բովանդակությունը և բարձրացնել իրենց բուհերի կառավարման արդյունավետությունը:
Առցանց միջոցառմանը ներկայացվել են 5 Կարողությունների զարգացման ծրագրեր հայաստանյան բուհերի ներգրավմամբ:
PRINTel ծրագրի անդամ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս Սերոբ Խաչատրյանն անցկացրեց դասընթաց «Դասավանդման նորարարական մեթոդներ» թեմայով։ ԵՊՀ-ի կողմից համակարգվող PRINTel ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը Վրաստանում և Բելառուսում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային ու լավագույն փորձի տարածմանը:
REFINE ծրագրի շնորհանդեսն իրականացրեցին Ծրագրի համակարգող Յոհաննես Վեցինգերը Վիեննայի Կիրառական գիտությունների համալսարանից և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի Ծրագրի ղեկավար Արփինե Ջրաղացպանյանը: REFINE-ի գլխավոր նպատակն էր բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսական ոլորտում վեց մագիստրոսական ծրագրերի որակը և համապատասխանությունը նպատակային բարեփոխումների միջոցով:
eDrone ծրագիրը, որին մասնակցում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանները որպես գործընկերներ, ներկայացրեց Տատյանա Բուլիմագան Մոլդովայի պետական համալսարանից: Ծրագրի նպատակն էր ստեղծել անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոններ Գործընկեր երկրների համալսարաններում և համալրել դրանք անհրաժեշտ սարքավորումներով, որոնք գիտելիք կփոխանցեն անօդաչու թռչող սարքերի մեխանիկական բնութագրերի, ներքին համակարգերի, դրանց միջոցով տեղեկատվության հավաքման և մշակման, ինչպես նաև դրանց օգտագործումը կարգավորող ազգային օրենքների վերաբերյալ:
BOOST ծրագրի արդյունքները ներկայացրեցին Ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանից և Հայաստանի ամերիկյան համալսարանում Ծրագրի տեղական համակարգող Անահիտ Օրդյանը: Ծրագիրը միտված էր Հայաստանի բուհերի միջազգայնացման խթանմանն ու աջակցմանը՝ ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության շրջանակի և գործիքակազմի մշակման միջոցով։
Եվ վերջապես SMART ծրագրի ձեռքբերումները ներկայացրեցին Բրյուսովի պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը և Գավառի պետական համալսարանի Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։ Երկու բուհերում ստեղծված «ՍՄԱՐԹ սրճարանները» բաց կենտրոններ են, որոնք աջակցում են այն ուսանողներին և շրջանավարտներին, որոնք ունեն նախնական գաղափարներ կամ ստեղծագործական ներուժ, բայց չունեն դրանք իրականացնելու հմտություններ և ռեսուրսներ: «Սրճարանները» տրամադրում են ծրագրային ապահովում, դասընթացներ, մենթորների աջակցություն և համագործակցային հնարավորություններ ուսանողների գաղափարների գեներացման համար:
Շնորհանդեսների ձայնագրությունները դիտելու համար կարող եք այցելել վիրտուալ տոնավաճառի ֆեյսբուքյան էջ:
Տոնավաճառի գրքույկը հասանելի է այստեղ:
Comments (No Responses )
No comments yet.