Որոնել

Տեղի ունեցավ «Ինստիտուցիոնալ մոտեցումներ և ռազմավարություններ կանաչացման ոլորտում» թեմայով հանդիպումը

Մարտի 25-ին և 27-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները և Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետ Գարեգին Համբարձումյանը մասնակցեցին «Ինստիտուցիոնալ մոտեցումներ և ռազմավարություններ կանաչացման ոլորտում» թեմայով առցանց ուսումնական այցին, որը կազմակերպվել էր Իռլանդիայի Կորկ քոլեջի և «Աջակցություն Բարձրագույն Կրթության Բարեփոխումների Փորձագետներին» (SPHERE) կազմակերպության կողմից։

Ուսումնական այցը մեկնարկեց Մայքլ Գեբելի (SPHERE թիմի ղեկավար), պրոֆ. Ուրսուլա Կիլկելիի (Գլոբալ ներգրավվածության փոխնախագահ, Իռլանդիայի Կորկ քոլեջ), Կլիոնա Մահերի (Միջազգային կապերի պատասխանատու, Իռլանդիայի Կորկ քոլեջ) և Ադրիան Վելենի (Քաղաքականության գծով պատասխանատու, Եվրոպական հանձնաժողով) ողջույնի խոսքերով։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Իռլանդիայի Կորկ քոլեջի՝ կայունության և կանաչացման նկատմամբ մոտեցումները, մասնավորապես, թե ինչպես է այն ինտեգրվել քոլեջի ինստիտուցիոնալ զարգացման առաքելությանը և գործելակերպին, օր․՝ Green Campus (Կանաչ համալսարան) նախաձեռնության ռազմավարությանը:

Հանդիպման առաջին օրվա ընթացքում մասնակիցները տեղեկացան «2023-2028թթ. Կայունության և կլիմայի գործողությունների ծրագրին», Greenshoots Green Campus ծրագրին, Կայուն զարգացման լուծումների ցանցի (SDSN) և կանաչացման ռազմավարությունների միտումների մասին:

Այցի երկրորդ օրվա ընթացքում մասնակիցները ներգրավվեցին «Կանաչացում, դասավանդում և ուսուցում», «Երրորդ առաքելություն և համալսարանական ներգրավվածություն» և «Հետազոտական համագործակցություն» թեմաներով խմբային քննարկումների մեջ: Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանը որպես զեկուցող մասնակցեց «Հետազոտական համագործակցություն» թեմայով քննարկմանը: Տվյալ նիստը վարում էր SPHERE թիմի ակադեմիական փորձագետ Հովարդ Դեյվիսը: Նիստի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց համալսարաններում հետազոտական նախաձեռնությունների շրջանակներում կայունության և կանաչապատման փորձով, աջակցության մեխանիզմներով, ազգային առաջնահերթությունների վրա կենտրոնացած միջառարկայական հետազոտական համագործակցության օրինակներով: Այնուհետև մասնակիցները տեղեկացան «UCC International Office Swap Shop» և «UCC Environmental Society» նախաձեռնությունների մասին։ Երկօրյա այցը եզրափակվեց հարց ու պատասխանով։

Այցի արդյունքում մասնակիցները

  • ձեռք բերեցին պատկերացումներ Իռլանդիայի Կորկ քոլեջի՝ կայունությունն ու կանաչապատումը իրենց քաղաքականության և պրակտիկաների մեջ ինտեգրելու մոտեցումների և ռազմավարությունների վերաբերյալ,
  • տեղեկացան, թե ինչպես է Իռլանդիայի Կորկ քոլեջը կանաչ ռազմավարությունը կիրառում տարբեր շահագրգիռ կողմերի հետ համագործակցության շրջանակներում, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավոր հատվածի, պետական մարմինների և երիտասարդների հետ,
  • քննարկեցին, թե ինչպիսի դեր ունի բարձրագույն կրթությունը՝ շրջակա միջավայրի կայունությանը վերաբերյալ ազգային ռազմավարությունների կազմման վրա,
  • տեղեկացան, թե ինչպիսի մոտեցումներ են կիրառում հանդիպման ընթացքում ներկայացված նախաձեռնությունները ինստիտուցիոնալ և ազգային մակարդակներում, օր․՝ Կայուն Զարգացման Նպատակները, Եվրոպական կանաչ գործարքը և Էրազմուս+-ը։

Այցի ընթացքում արված նկարները հասանելի են ստորև։

Հրապարակված է․News & Events 2024