Խորհրդատվական հանդիպում՝ միկրոորակավորումների որակի ապահովման արդյունավետ շրջանակի մշակման և ներդրման վերաբերյալ
Մարտի 19-ին կայացավ միկրոորակավորումների որակի ապահովման արդյունավետ շրջանակի մշակման և ներդրման վերաբերյալ փակ խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված ազգային քաղաքականություն մշակողների և շահագրգիռ կազմակերպությունների համար։ Հանդիպումը կազմակերպել էին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ (ԲԿԲՓ) Արևիկ Օհանյանի (Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական ծրագրերի ղեկավար) և Ուկրաինայում Էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համատեղ` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։
Հանդիպման մասնակիցներին խորհրդատվություն էր տրամադրում CIMEA – NARIC Italia կազմակերպության տնօրեն Կիարա Ֆինոկիետտին, իսկ խորհրդատվության առանցքային թեման միկրոորակավորումների որակի ապահովման արդյունավետ շրջանակի մշակման և ներդրման վերաբերյալ ուղղորդումն էր՝ ի նպաստ ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագրի 1․1․5 գործողության («Արագ և ճկուն որակավորում ապահովող մեխանիզմների մշակում և գործարկում, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթության արդյունքում միկրոորակավորումների ճանաչման միջոցով») արդյունավետ իրականացման:
Խորհրդատվության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձագետին ուղղելու մի շարք հարցեր՝ կապված միկրոորակավորումների ընդհանուր առմամբ անհրաժեշտության, դրանց մշակման գործընթացում առաջ եկող մարտահրավերների և վերջիններիս հաղթահարման ուղիների մասին, միկրոորակավորումների մշակմանն աջակցող օրենսդրական կարգավորումների և այլ դրույթների անհրաժեշտության և այլ հարակից թեմաների մասին, ծանոթանալու եվրոպական լավագույն փորձին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։
Հիշեցնենք, որ մարտի 11-12-ին կայացած և այս խորհրդատվական հանդիպման հիմք հանդիսացող տարածաշրջանային սեմինարների («Միկրոորակավորումների արդյունավետ նախագծման շրջանակ. լավագույն փորձի ներկայացում և ուղղորդում՝ բարձրորակ միկրոորակավորումների մշակման համար») մանրամասները և ձայնագրություննեը կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ։