Հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ
Մարտի 11-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հյուրընկալեց Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան նորին գերազանցություն Վասիլիս Մարագոսին, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսին և ԵՄ պատվիրակության նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Քրիստինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարանի «GC Caucasus» մագիստրոսական ծրագրի համակարգող), Ռուզաննա Մինասյանը (Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ակադեմիական ծրագրերի մշակման ստորաբաժանման ղեկավար) և Տիգրան Միքայելյանը (Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի դեկան, Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Գրասենյակի և ԵՄ պատվիրակության համագործակցության շրջանակները, ոլորտում առկա և Գրասենյակի գործունեությանը խոչընդոտող գործոնները, դրանց լուծման եղանակները, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված նախագծերի արդյունքներն ու դրանց ազդեցությունը տարբեր մակարդակներում։ ԵՄ պատվիրակության դեսպանը նշեց, որ պատվիրակությունը պատրաստ է աջակցել Էրազմուս+ ծրագրի ավելի լայն տարածմանը, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը և առկա խոչընդոտների հաղթահարմանը՝ նպաստելու Էրազմուս+ համայնքի ընդլայնմանն ու ծրագրի ազդեցության ու արդյունավետության բարձրացմանը։