Հայաստանը` տարածաշրջանի առաջատար ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման նախագծերի քանակով. կայացավ տեղեկատվական հանդիպում՝ ՄԿՈւ ոլորտում Էրազմուս+ հնարավորությունների վերաբերյալ
Դեկտեմբերի 4-ին առցանց ձևաչափով հաջողությամբ անցկացվեց Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ստացան կարևոր տեղեկատվություն ծրագրի առաջարկած ֆինանսավորման հնարավորությունների, դիմելու պայմանների և նախագծային գաղափարների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՄԿՈւ հաստատությունների, բուհերի, հասարակական և այլ կազմակերպությունների ավելի քան 80 ներկայացուցիչներ։
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Նրանք ընդգծեցին ծրագրի կարևորությունը մասնագիտական կրթության հաստատությունների զարգացման և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող հմտությունների ձեռքբերման համատեքստում։
Արմենուհի Պողոսյանն ընդգծեց Եվրամիության դրամաշնորհային ծրագրերերին Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների մասնակցության կարևորությունը կառույցների միջազգայնացման, առավել մաշտաբային համագործակցությունների, ինչպես նաև կարողությունների զարգացման համատեքստում` բարձր գնահատելով Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ջանքերը այդ գործընթացների իրականացման հարցում:
Ռուբեն Թոփչյանն ընդգծեց, որ ՄԿՈՒ հաստատությունների ինքնավարությունը հանդիսանում է զարգացման «դուռ», և ծրագրին դիմելիս անհրաժեշտ է ոչ միայն ներկայացնել, թե ինչ է արդեն արվել, այլև ընդգծել, թե որքան կարևոր գործ կա դեռ անելու։ Նրա խոսքով, հաջողության են հասնում այն նախագծերը, որոնք ցուցադրում են առաջընթացի հստակ ուղին և ապագա նպատակները։ Բացի այդ, կարևորվեց արդյունավետ և վստահելի գործընկերային կապերի հաստատումը, որոնք նպաստում են ծրագրերի հաջող իրականացմանը։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության հիմնական նպատակներն ու պայմանները՝ հպարտությամբ նշելով, որ Հայաստանը, բացառիկ արդյունքների շնորհիվ, տարածաշրջանում առաջինն է ՄԿՈւ ոլորտի նախագծերի քանակով (Հայաստան` 11 նախագիծ, 29 հաստատությունների մասնակցություն, Ուկրաինա՝ համապատասխանաբար՝ 10 նախագիծ, 27 հաստատություն, Վրաստան՝ 8 նախագիծ, 22 հաստատություն, Մոլդովա՝ 6 նախագիծ, 10 հաստատություն, Ադրբեջան՝ 6 նախագիծ, 12 հաստատություն): Նա նշեց, որ դրամաշնորհ շահած հաստատությունների հաջողությունները ոչ միայն վկայում են Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների՝ միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղությամբ ներդրված ջանքերի մասին, այլև դառնում են ոգեշնչող օրինակ մնացած հաստատությունների համար՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման և հմտությունների զարգացման գործընթացներում։
Արևիկ Օհանյանն (Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ) իր հերթին խոսեց ՄԿՈՒ հաստատությունների կարիքների վերլուծության անհրաժեշտության ու կարևորության, գաղափարների գեներացման, դրանց մեխանիզմների մասին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության շրջանակներում ֆինանսավորված REnForce նախագիծը: Նախագծի մշակման և կոնսորցիումի ստեղծման փորձով կիսվեց Արփինե Մանուկյանը («Արփի Սոլար» ՍՊԸ, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ), իսկ նախագծի նպատակը, խնդիրները և ակնկալվող արդյունքները ներկայացրեց Հռիփսիմե Մինասյանը (Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ՊՈԱԿ-ի կրթության որակի ապահովման պատասխանատու)։
Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու խոսնակներին և ստանալու հավելյալ տեղեկատվություն ծրագրի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ։
Այս տեղեկատվական հանդիպումը վառ օրինակ է այն ջանքերի, որոնք ներդնում է Էրազմուս+ ծրագիրը ՄԿՈւ հաստատությունների, Հայաստանում կրթության մակարդակի բարելավման, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության և կարողությունների զարգացման խթանման գործում։
Հիշեցնենք, որ Էրազմուս+ ծրագրի 2025թ․ Առաջարկների մրցույթն արդեն մեկնարկել է: «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողությանը նախագիծ ներկայացնելու մանրամասներին ծանոթանալու համար՝ կարող եք դիտել Erasmus+ World Wide Webinar-ի ընթացքում ներկայացված ուղեցույց-հոլովակը (Capacity building project for VET – AM)։
Նախագծի գործընկերներ գտնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ: Ինչպես միշտ, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը պատրաստ է աջակցել նախագծի առաջարկների ստեղծման և դիմելու գործընթացում։
Միջոցառման ընթացքում ներկայացված պրեզենտացիաները, նկարները, ինչպես նաև միջոցառման ձայնագրությունը հասանելի են ստորև։