Տեղեկատվական հանդիպում Արարատի պետական քոլեջում
Հուլիսի 26-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը անցկացրեց տեղեկատվական հանդիպում Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ Արարատի պետական քոլեջում՝ քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանի հրավերով։ Հանդիպման նպատակն էր մասնակիցներին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից ՄԿՈւ ոլորտին տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունները և դրանց ձեռքբերման պայմանները։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում ՄԿՈւ ոլորտում» գործողության մանրամասները, մասնակցության պայմանները, կոնսորցիումի կազմը, նախագծի առաջարկի թեմատիկ ուղղությունները, բյուջեի բաշխվածությունը և այլ մանրամասներ։
Գրասենյակի ներկայացուցիչները Արարատի պետական քոլեջի դասախոսական և վարչական անձնակազմի հետ քննարկեցին նախագծի գաղափարներ և ուղղորդեցին դրանց շուրջ նախագծերի մշակման հարցում։ Հանդիպման ավարտին նրանք կատարեցին շրջայց քոլեջում և ծանոթացան քոլեջի լաբորատորիաների պայմաններին։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից նմանատիպ տեղեկատվական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ ծրագրի ընձեռած հնարավորությունները շահառուների ավելի լայն շրջանակներին ներկայացնելու համար։