Նոր համագործակցությունների հաստատում արտասահմանյան բուհերի հետ
Հուլիսի 1-3-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի մենեջեր Արփինե Ջրաղացպանյանը մասնակցեցին Վառնայի տնտեսագիտական համալսարանում (Բուլղարիա) անցկացվող «Միջազգային շաբաթ» միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցում էին 11 երկրների (Բուլղարիա, Լատվիա, Լեհաստան, Պորտուգալիա, Իսպանիա, Գերմանիա, Թուրքիա, Սերբիա, Գանա, Եգիպտոս, Հորդանան) բուհերի ակադեմիական և վարչական անձնակազմի շուրջ 50 ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց գործունեությանը, նեթվորքինգային կապեր հաստատել միմյանց հետ, ինչպես նաև քննարկելու հարցեր՝ կապված Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն», «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» և այլ գործողությունների վերաբերյալ, բուհերում կայունության ռազմավարությունների մշակման և իրականացման լավագույն փորձի, միջազգային կազմակերպություններում/բուհերում պրակտիկաների և միջազգայնացման հետ կապված այլ հարցերի վերաբերյալ։
Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտի պատկերը, բուհերի միջազգայնացման մակարդակը, Էրազմուս+ ծրագրում ընդգրկվածությունը և զարգացման ու համագործակցության հեռանկարները։ Նա հրավիրեց միջոցառման մասնակիցներին համագործակցելու ՀՀ բուհերի և կազմակերպությունների հետ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում և դրանից դուրս։
Գրասենյակի ներկայացուցիչները ձեռք բերեցին մի շարք նոր կապեր և պայմանավորվածություններ գործընկեր բուհերի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ նրանց և համապատասխան հայկական բուհերի միջև կապեր ստեղծելու, կոնտակտային սեմինարներ անցկացնելու և Գրասենյակի կողմից իրականացվող միջոցառումներում նրանց ներգրավելու ուղղությամբ։