Որոնել

Կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը

Հունիսի 6-7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» աշխատաժողովը, որի թիրախում էին կրթության ոլորտում քաղաքականություն մշակողները և բուհերի վարչական (հատկապես՝ ղեկավար) անձնակազմի ներկայացուցիչները:

Հունիսի 6-ին աշխատաժողովը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ողջույնի խոսքերով։

Աշխատաժողովի հիմնական խոսնակն էր Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (ԵՀԱ) Կառավարման, դրամաշնորհային և հասարակական քաղաքականության զարգացման տնօրեն, դոկտոր Թոմաս Էստերմանը։ 

Աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում նա մասնակիցներին ներկայացրեց եվրոպական բարձրագույն կրթության ոլորտում կառավարման մոդելները, որից հետո մասնակից բուհերի ներկայացուցիչները խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին իրենց բուհերի կառավարման համակարգերը, դրանց ուժեղ և թույլ կողմերը, փորձեցին վեր հանել իրենց բուհի համար ցանկալի կառավարման մոդելը։ Այնուհետև Թոմաս Էստերմանը մասնակիցներին ներկայացրեց համագործակցային առաջնորդության և ղեկավարման առանձնահատկությունները, պատասխանեց նրանց հարցերին։ 

Աշխատաժողովի երկրորդ օրվա ընթացքում Եվրոպական համալսարանների ասոցիացիայի մեր գործընկեր Թոմաս Էստերմանը խոսեց բուհերի ինքնավերլուծության և առաջնորդության վերջին զարգացումների, եվրոպական լավագույն փորձի մասին։ Մասնակիցները քննարկեցին իրենց բուհերում առաջնորդության մոդելները, զարգացման ծրագրերը և առկա մարտահրավերները, ցանկալի առաջնորդության մոդելները՝ այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ, իսկ Թոմաս Էստերմանը տրամադրեց խորհրդատվություն մասնակիցներին հետաքրքրող հարցերի շուրջ։ 

Աշխատաժողովի վերջին թեման բուհերի փոխարկերպումներն ու ռազմավարության մշակումն էր։ Թոմաս Էստերմանը ներկայացրեց Եվրոպական համալսարանների ասոցիացիայի փորձը ռազմավարությունների մշակման տեսանկյունից, որից հետո մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով մշակեցին փոխակերպման գործընթացի իրականացման և դրա շրջանակներում հաղորդակցության հաջող ռազմավարություն և քննարկեցին աշխատաժողովի խոսնակի հետ։

Աշխատաժողովի բոլոր սահիկաշարերը հասանելի են ստորև։ Հիշեցնենք, որ այն կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խումբը (ԲԿԲՓ) ներկայացնող Գարեգին Համբարձումյանի (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ) կողմից` Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելությունների շրջանակներում։

Հրապարակված է․News & Events 2024