«Կրթությունը Եվրոպայում. կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական միջոցառում
Ուզո՞ւմ ես սովորել Եվրոպայում: Ծանո՞թ ես Էրազմուս+ և ԴԱԱԴ ծրագրերի առաջարկած հնարավորություններին: Ցանկանու՞մ ես սովորել Էրազմուս+ և ԴԱԱԴ ծրագրերի շրջանավարտներից, կամ կիսվել փորձովդ, տպավորություններովդ և ձեռքբերումներովդ:
Ահա այն հարցերը, որոնց պատասխանները գտնելու նպատակով հոկտեմբերի 10-ին Օպերա Սյութ հյուրանոցում Էրազմուս+ և ԴԱԱԴ գրասենյակների կողմից կազմակերպվեց «Կրթությունը Եվրոպայում. կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական միջոցառումը։ Վերջինս #ErasmusDays միջազգային տեղեկատվական արշավի մասն էր և հյուրնըկալեց 150-ից ավել մասնակիցների՝ ուսանողների, շրջանավարտների ու երիտասարդ հետազոտողների մոտ 20 հայաստանյան բուհերից և ինստիտուտներից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և Գերմանիայի դեսպանատնից։
Միջոցառման նպատակներ էին բարձրացնել իրազեկությունը Էրազմուս+ և ԴԱԱԴ ծրագրերի կողմից առաջարկվող կրթաթոշակային հնարավորությունների վերաբերյալ, տեղեկացնել արտասահմանում սովորելու առավելությունների մասին, ներկայացնել արտասահմանում սովորած հայ ուսանողների փորձը և խթանել փորձի փոխանակումը և կապերի հաստատումը:
Միջազգային կրեդիտային շարժունության (հյուրընկալող երկրներ՝ Գերմանիա, Պորտուգալիա) և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերով (կոնսորցիումի երկրներ՝ Հունգարիա, Էստոնիա և Իռլանդիա) ուսանած 3 Էրազմուս+ շրջանավարտներ հրավիրված էին մասնակցելու պանելային քննարկմանը, որի ընթացքում նրանք խոսեցին նոր երկրում հիմնվելու և մշակույթում հեշտ ադապտացվելու, բնակարան հայթհայթելու, կրթաթոշակը ճիշտ կառավարելու և ուսումն ու ճամփորդությունները համատեղելու իրենց հաջողված փորձի մասին։
Պանելային քննարկմանը հաջորդեց հյուրասիրություն, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու և շրջանավարտներին տալու իրենց հուզող հարցերը։