Որոնել

Ճարտարապետական ժառանգության պաշտպանության կրթության բարեփոխում՝ Էրազմուս+ SAH ծրագրի միջոցով

Սեպտեմբերի 13-14-ին Էրազմուս+ «Ճարտարապետական ​​ժառանգության կայունության ոլորտում կարողությունների զարգացում» (SAH) ծրագրի կոնսորցիումը հանդիպեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ)՝ շարունակելու ծրագրի իրականացումն ու Կառավարման խորհրդի որոշումների քննարկումները: SAH-ը գործարկվել է 2021 թ․-ին և տևելու է 36 ամիս։ Ծրագրի կոնսորցիումի անդամներն են  Լ’Աքվիլայի համալսարանը (համակարգող, Իտալիա), Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը (Հունաստան), Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի (Իրան), Ռայն-Վեստֆալիայի Ախենի տեխնիկական համալսարանը (Գերմանիա), իսկ Հայաստանից՝  Ճարտարապետության և ծինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), Գորիսի պետական ​​համալսարանը (ԳՊՀ)  և Ճարտարապետների Հայաստանի միությունը։

Հայաստանն ունի հազարամյա և հարուստ պատմամշակութային ժառանգություն, ուստի SAH կոնսորցիումի հայ գործընկեր թիմերը մեծ նշանակություն են տալիս մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում եվրոպացի և իրանցի գործընկերների հետ պրակտիկայի և փորձի փոխանակմանը։

SAH կարողությունների զարգացման ծրագրի նպատակն է թարմացնել և կատարելագործել Հայաստանի և Իրանի համալսարանների ճարտարապետական ​​ժառանգության և պաշտպանության ուսումնական ծրագրերը` միաժամանակ ապահովելով ճարտարապետական ​​ժառանգության կայունությունը: Ծրագրի մեկնարկից ի վեր՝ Հայաստանյան գործընկերներն աշխատել են ճարտարապետական ​​ժառանգության բնագավառի նոր առարկաներ ներդնելու, ինչպես նաև  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանակներում միջառարկայական դասավանդման նոր մոդել ստեղծելու ուղղությամբ: Բուհերում մշակվելու և դասավանդվելու են հետևյալ 6 մոդուլները՝

1. Թվային տեխնոլոգիաները Ժառանգության պահպանման մեջ

2. Ճարտարապետական ​​ժառանգության պահպանման թեորիան և մեթոդաբանությունը

3. Ժառանգության ուսումնասիրությունները

4. Պատմական նյութերի ու տեխնոլոգիաների կիրառումը ​​ժառանգության պահպանման մեջ

5. Պատմական շենքերի պահպանում

6. Ժառանգության մշակութային նշանակությունը

Ճարտարապետական ​​ժառանգության պահպանության մասնագիտական ոլորտն ավելի կայուն դարձնելու համար, ՃՀԱՀ-ում այս մոդուլների ներդրումը նպատակ ունի զարգացնել ճարտարապետական ​​ժառանգության նոր ծրագիր՝ իր տեսակի մեջ առաջիններից մեկը Հայաստանում: Ճարտարապետների Հայաստանի միության մասնակցությունը SAH ծրագրին նպատակ ունի ամրապնդել ճարտարապետական ​​ժառանգության պահպանման կրթությունը` մասնագիտական ​​չափորոշիչների ուղեցույցներ տրամադրելով և նոր ուսումնական առարկաներում դրանց ներդրումը հեշտացնելու միջոցով:

Հրապարակված է․Նորություններ 2022թ, Նորություններ