Նշելով Էրազմուսի 35-րդ տարեդարձը. ԵՊՀ դասախոս Լուսինե Քարամյանի հաջողության պատմությունը
Էրազմուսն, անկասկած, ամենահայտնի եվրոպական ծրագրերից է․ այն, շատերը կարող են ասել, նույնիսկ ամենահաջողված կրթական նորարարություններից մեկն է եվրոպական նորագույն պատմության մեջ: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ծրագրի անունը ոչ միայն վերաբերում է հոլանդացի հումանիստին [Դեզիդերիուս Էրազմուսին], ով շատերի համար եվրոպական մշակույթի առանցքային դեմքերից է, այլև միևնույն ժամանակ “EuRopean Action Scheme for the Mobility of University Students” անվան հապավումն է։ Նմանապես, քչերը գիտեն նաև, որ Էրազմուսի պատմությունը տանում է մեզ դեպի 1987 թվական՝ ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ուստի 2022թ-ին Էրազմուս+-ի շահառուներն ու մասնակիցները տոնում են ծրագրի 35-ամյա հոբելյանը։ Այս առիթով Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը կազմել է հայ մասնակիցների՝ ուսանողների, դասախոսների և բուհերի վարչական աշխատակազմի հաջողության պատմությունների շարք։ Շարքի անդրանիկ պատմությանը ծանոթացեք ստորև։
Լուսինե Քարամյան, Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության մասնակից (18.04-01.05.2022թ)
Մայր բուհ՝ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն
Հյուրընկալող բուհ՝ Չեխիայի Հրադեց Կռալովե համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետ
Որքա՞ն ժամանակ եք դասավանդում Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում և ի՞նչն է Ձեզ մինչ օրս պահում բուհում։
2004թ-ին առաջին անգամ բուհական լսարան եմ մտել դասախոսի կարգավիճակով։ Չգիտեմ ինչպես է ստացվել, սակայն միանգամից դասավանդել եմ մագիստրոսներին, որոնք գրեթե հասակակիցներս էին ու դա արդեն իսկ բավականին մեծ, բայց հաղթահարելի մարտահրավեր էր ինձ համար։ Մինչ օրս դասավանդում եմ ԲՈւՀ-ում՝ համատեղելով այդ աշխատանքը հասարակական կազմակերպություններում գործունեության հետ։ 2020 թվականից հանդիսանում եմ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի նախագահը։ Այս Կոալիցիան հանդիսանում է մի շարք տեղական ՀԿ-ների միավորում, որոնց թիմերում կան բազմաթիվ սոցիալական աշխատողներ, ում ես հնարավորություն եմ ունեցել տարբեր տարիներին դասավանդելու։
Առհասարակ, սոցիալական աշխատանքում գործունեության ձևերը տարբեր են, ինչը հնարավորություն է տալիս ընտրել նաև գիտահետազոտական ուղին։ Ես ինձ լսարանում լավ եմ զգում․ նախկինում եղել են լրիվ դրույքով այլ աշխատանքի առաջարկներ, սակայն հասկացել եմ, որ պատրաստ չեմ համալսարանից դուրս գալ։ Այստեղ ես, այնուամենայնիվ, կարողանում եմ օգտակար լինել ՝ տեսնելով թե որքան դաշտում ակտիվ են իմ ուսանողներից շատերը և քաղհասարակության մեջ ինչպիսի մեծ դեր են խաղում։ Դա ինձ համար որոշակի ազդակ է՝ ես դեռ պետք եմ։
Շնորհակալություն, Լուսինե, տեսնում եմ, որ պահանջված դասախոս լինելը տասնութամյա մասնագիտական ուղին անցնելու լավ մոտիվացիա է տվել Ձեզ։ Իսկ որո՞նք են լսարան մուտք գործելու Ձեր հիմնական նպատակները։
Ինչպես Նոամ Չոմսկին է ասում՝ ”Եթե այսօր դասավանդում եք այն ինչ հինգ տարի առաջ, ուրեմն կամ ոլորտն է մահացել, կամ՝ դուք”։ Լսարան մտնելիս հաշվի եմ առնում, թե առարկայի շրջանակներում ինչ նոր ասելիք կա, քանի որ կարևոր նպատակ եմ համարում այդ մասին ուսանողներիս իրազեկ պահելը։ Սոցիալական աշխատանքում պրակտիկայի հետ կայուն կապ ունենալը նույնպես շատ արդիական է․ սովորողը տեսականից զատ պետք է նկատի նաև, թե իր շուրջն ինչ է կատարվում։ Փորձում եմ այդ կապն ապահովել և խրախուսել ուսանողներիս ազնիվ քաղաքացի լինել ու չկորցնել մասնագիտական արդիականությունը։ Եվ, վերջապես, ոչ պակաս կարևոր նպատակ եմ համարում համալսարանական միջավայրում հղկել ուսանողի խոսքը՝ տալով նրան ակադեմիական բառապաշար զարգացնելու և այլ ռեֆերենտ խմբերից տարբերվելու հնարավորություն։ Ինձ համար մոտիվացիայի աղբյուր է հետքրքրվող ու հետաքրքիր ուսանողը։
Շատ լավ, այժմ կցանկանայի հարցնել, թե ինչպիսի՞նն են ձեր ուսանողները, ինչպես՞ եք աշխատում և համագործակցում նրանց հետ։
Ցավով պիտի նշեմ, որ վերջին տարիներին ընդունելության շրջանակներում ուսանողի առջև դրվող պահանջների նշաձողը շատ է իջել, ինչը զգալիորեն անդրադառնում է ուսանող-դասախոս հարաբերությունների վրա։ Օրինակ՝ ներկայիս ուսանողներից շատերի բառապաշարը բավականին պարզունակ է դարձել, ընդունելությունն է բավականին հեշտացվել․ երբեմն ինձ ընդհատում և հարցնում են, թե ինչ է նշանակում “դեբատ” կամ “ցիտել” բառերը։ Ես գիտակցում եմ, որ այսօր ինձ ավելի քիչ ուսանողների հետ է ստացվում անմիջական կոնտակտ հաստատել, քան մի քանի տարի առաջ, քանի որ դասախոսի խոսքը և մատուցման ձևը փոխելու անհրաժեշտություն է առաջանում։ Ինձ թվում էր, թե հիմնականում պասիվ, դեմոտիվացված ուսանողներից բաղկացած լսարանը մեր լոկալ սերնդային առանձնահատկությունն է, սակայն երբ Էրազմուս+ շարժունության ծրագրով մեկնեցի Չեխիա և երկու շաբաթ դասախոսեցի բակալավրի ծրագրով սովորող չեխ ուսանողներին, եկա եզրահանգման, որ գուցե սա ավելի շատ ժամանակակից հասարակություններում կրթության ոորտում առկա հիմնախնդիր է։ Չեխ գործընկերներս մեկնաբանեցին դա ցածր կուրսերում ուսանողների ամաչկոտ լինելով, ինչի հետ չեմ կարող չհամաձայնել, քանի որ այլ պատկեր էր ավելի բարձր կուրսերում։
Նշեցիք, որ մասնակցել եք Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունությունը և երկու շաբաթ չեխական բուհում եք աշխատել․ արդյո՞ք այս փորձառությունն օգնեց Ձեզ մասնագիտական զարգացման գործում։
Նախ, շարժունությունն օգնում է ականատես լինել մեկ այլ երկրի մասնագիտական պրակտիկային, ինչպես նաև վերլուծել, թե ինչն է իրենց մոտ առավել զարգացած, իսկ ինչում դու ես ավելի առաջադեմ։ Այն շատ մեծ հնարավորություն է ընձեռում դասավանդման մեթոդիկայի տեսանկյունից, քանի որ հայտնվում ես մի բազմամշակութային լսարանում, որտեղ դասախոսի և ուսանողի միջև հաղորդակցման ուղիներն այլ կերպ են կառուցվում՝ բացելով երկխոսության նոր հարթակներ։
Օրինակ՝ Հրադեց Կռալովի համալսարանում կյանքումս առաջին անգամ ոտաբոբիկ եմ դասավանդել [գնացել էի բարձրակրունկներով, պաշտոնական կոստյումով], քանի որ, ինչպես ինձ տեղեկացրին, տվյալ ուսանողական խմբի հետ ավելի ոչ ֆորմալ, ազատ հաղորդակցությանը նպաստող միջավայրում աշխատելու պայմանավորվածություն կար։ Կրունկներս հանեցի ու նստեցի, թեև Հայաստանում սովոր եմ կանգնած աշխատել։ Ու գիտակցեցի, թե որքան ծանր է ինձ համար դասաժամն ամբողջովին ոտքի վրա անցկացնել և թե տվյալ ֆորմատով դասավանդելը որքան նպաստավոր է մարմնական դիսկոմֆորտից խուսափելու և դասապրոցեին ամբողջովին նվիրվելու գործում։ Չէ որ դասախոսը նույնպես հասարակ ու հասանելի մարդ է, պարզապես ավելի շատ փորձառություն ունի։ Շարժունության ընթացքում փորձել եմ նաև “կողքի աչքով” նայել ու հասկանալ, թե ինչն է մոտիվացնում այնտեղի ուսանողներին դասի գալ և սովորել, իսկ որ դեպքերում նրանք չեն գալիս բուհ։ Այս ամենն օգնում է դասախոսին պետքակար եզրահանգումներ անել։
Դե իհարկե կարճաժամկետ շարժունությունը չի կարող նպաստել հիմնարար մասնագիտական հմտությունների զարգացմանը (դրա համար ավելի երկար ժամանակ է պետք), սակայն տալիս է բազմամշակութային և բազմաշերտ լսարանների հետ աշխատելու և համեմատություն անելու կարևոր հնարավորություն։
Հյուրընկալող բուհում լեզվական բարդություններ ունեցա՞ք։ Արդյոք հե՞շտ էր օտար երկրում, բազմամշակութային լսարանում անգլերենով դասավանդելը։
Նախ ասեմ, որ առաջին օրը բախվեցի այն իրականության հետ, որ, հակառակ իմ ակնկալիքների, բուհում ոչ բոլորն էին անգլերեն խոսում։ Մասնավորապես, այցելելով ռեկտորատ նկատեցի, որ այնտեղի աշխատակիցները օտար լեզվով չեն խոսում։ Պատկերն այլ էր միջազգային բաժնի թիմի հետ կապ հաստատելուց․ բոլորը հեշտությամբ հաղորդակցում էին անգլերենով, պատրաստակամ էին ու աջակցող։ Բակալավրի ցածր կուրսերի ուսանողները հիմնականում չեխեր էին և բավականին ամաչկոտ ու կաշկանդված էին անգլերենով հաղորդակցվելու հարցում։ Ես փորձեցի լսարանում խմբային աշխատանքներ կազմակերպել, ինչպես նաև դասերը սառույցկոտրուկներով սկսել, ինչն աստիճանաբար օգնեց “բացել” ու ընդգրկել նրանց դասապրոցեսի մեջ։ Մագիստրոսները՝ մասնավորապես միջմշակութային հաղորդակցության փորձ ունեցողներն, ավելի ազատ ու անկաշկանդ էին։
Ինչ վերաբերում է օտար լեզվով դասավանդելուն, դա ինձ համար շատ լավ հնարավորություն էր վերհիշել և թարմացնել խոսակցական անգլերենս։ Սկզբում կար այնպիսի զգացողություն, որ ինչ որ բաներ սխալ եմ շարադրում, սակայն հետզհետե պրոցեսի՝ բնականոն ընթացքի մեջ մտնելով ավելի վստահ ինձ զգացի։ Նաև հարցերի ու լսարանի հետ հետադարձ կապի միջոցով պարզում էի, թե որքան ճիշտ են ընկալվել խոսքերս։ Երկու շաբաթ անգլերենից բացի որևիցե այլ լեզվով չխոսելն ինձ շատ էր ոգևորել։
Հիանալի է, երբ բարդությունները միայն ոգևորում և խթանում են մարդուն։ Ըստ Ձեզ, չեխական բուհում սովորելն ինչպե՞ս է տարբերվում Հայաստանում սովորելուց։
Ամենամեծ տարբերությունը բաց հաղորդակցության հարթակների կազմակերպման, ներառականության խրախուսման, ոչ ֆորմալ տարածքների օգտագործման և դեբատային ակումբների ձևաչափով ուսումնառության կազմակերպման մեջ էր։ Մանրամասնեմ օրինակների միջոցով՝ չեխ դասախոսներից մեկն ուներ իր համայնքային սրճարանը, որտեղ այս կամ այն համայնքը կարող է տարբեր թեմաներով քննարկում ծավալել։ Շարժունության ընթացքում հրաշալի հնարավորություն ունեցա մասնակցելու նմանատիպ մի դեբատի, որի թեման էր Աֆրիկայի և արևմտյան աշխարհի փոխհարաբերությունները։ Երբ Եվրոպայում գտնվելով աֆրիկացին բացեիբաց քննադատում է Եվրոպան Աֆրիկայի կյանքի վրա դոմինանտ ազդեցություն ունենալու համար, հասկանում ես, թե որքան բաց ու ազատ միջավայրում են սովորում ուսանողները։ Դա պարզապես անգնահատելի է։ Առիթ ունեցա նաև ծանոթանալ բուհի մտավոր խնդիրներ ունեցող ուսանողների կողմից սոցիալական ձեռնարկատիրությանը ներգրավվելու արդյունքներին՝ այցելելով նրանց կողմից սպասարկվող ներառական ճաշարանը։
Շնորհակալություն անկեղծ զրույցի ու կարևոր շեշտադրումների համար։ Վերջին հարցս՝ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունությունը Ձեզ ի՞նչ տվեց և կա՞ն արդյոք որոշակի մեթոդներ կամ գործիքները, որ պատրաստ եք տեղայնացնել Ձեր հիմնական լսարաններում։
Որտեղ էլ եղա այս շաբաթների ընթացքում, ինչ որ բան ինձ համար վերցրեցի, այդ թվում և մասնագիտական տեսանկյունից։ Բայց քաջ գիտակցում եմ նաև, որ հատվածային, իրավիճակային բաները չեմ կարող կրկնօրինակել կամ կայուն միջավայր դարձնել ԵՊՀ-ում։ Այնուամենայնիվ, մի քանի գաղափար ունեմ։ Առաջինը, լսարանում ավելի արդյունավետ լինելու համար պետք է ուշադրություն դարձնեմ ֆիզիկական կոմֆորտիս։ Երկրորդը, ոչ միայն թրեյնինգների, այլև ֆորմալ լսարանային միջավայրում նույնպես կարելի է կիրառել սառույցկոտրուկներ, քանի որ դրանք օգնում են նաև ուսանողներին իրար էլ ավելի լավ ճանաչել։ Եվ վերջապես մտածում եմ ոչ ֆորմալ ֆիզիկական միջավայրում իրականացնել փոքր մագիստրոսական խմբերի հետ որոշ դասընթացները։ Դրանք, վստահաբար, կարող են նպաստել դասախոս-ուսանող կապի, ինչպես նաև ուսանողների միջև ավելի սերտ հաղորդակցության և համագործակցության ձևավորմանը։