Հանդիպում 2022 թվականի էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակակիրների հետ
Ս․թ․ սեպտեմբերի 28-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ, առցանց հանդիպում էր կազմակերպել 2022 թվականի էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրի կրթաթոշակակիրների հետ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային աջակցության/Համագործակցության պատասխանատու Դավիթ Ավագյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Խոսնակներն իրենց ելույթներում կարևորեցին կրթության ոլորտում Եվրոպական Միության կողմից առաջարկվող հնարավորությունները՝ հատուկ շեշտադրելով Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի առավելությունները։
Հանդիպմանը ելույթ ունեցան, ներկայացրեցին հնարավորություններն ու փորձով կիսվեցին նաև Էրազմուս Մունդուս ուսանողների և շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անդամ (2016-2018թթ) Էդիթ Սողոմոնյանը, Էրազմուս ուսանողական ցանցի Երևանյան թևի հիմնադիր նախագահ Նենսի Մկրտչյանը և garagErasmus4Yerevan-ի նախագահ Գևորգ Հարությանը։
Ընթացիկ տարում Հայաստանից Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերում կրթաթոշակ են ստացել 11 անհատներ՝ ուսումնառելու Դանիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում։ Ուսանողները կրթություն են ստանալու տարբեր ոլորտներում՝ կինոգիտության, թարգմանության, սպորտային էթիկայի և ներառականության, լեզվաբանության, մշակութաբանության, և այլն։