«Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով տարածաշրջանային սեմինար
2019թ. նոյեմբերի 25-26-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) անցկացվեց «Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով տարածաշրջանային սեմինարը:
Միջոցառումը կազմակերպվել էր Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմի տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում:
Թիրախային լսարանը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ԲԿԲՓ ազգային թիմերի ներկայացուցիչներն էին, Էրազմուս+ ազգային գրասենյակների աշխատակիցները, ՀՀ բուհերի պրոֆոսորադասախոսական և վարչական անձնակազմը:
Երկօրյա միջոցառումներին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՀ պրոռեկտոր պրն. Ռանդալ Ռոդեսը, ԲԿԲՓ հայաստանյան խմբի համակարգող պրն. Արայիկ Նավոյանը և ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար տկն. Դիանա Գալոյանը:
Սեմինարը վարեցին Իտալիայի Բոլոնիայի համալսարանից ժամանած միջազգային փորձագետներ տկն. Ռոմինա Կնյազը և տկն. Ֆրանչեսկա Վալենտեն:
Սեմինարի ընթացքում տեղ էր հատկացված ոչ միայն ներկայացումներին, այլև պանելային քննարկումներին Արևելյան գործընկերության 4 երկրների ազգային գրասենյակների և ԲԿԲՓ թիմերի մասնակցությամբ: Տկն. Լուսինե Ֆլջյանը (ԲԿԲՓ-Հայաստան) ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում լեզվական քաղաքականության զարգացման հեռանկարները Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Մոդովայում: Տկն. Թամար Բրեգվաձեն (ԲԿԲՓ-Վրաստան) կիսվեց վրացական բուհերում Էրազմուս+ ծրագրի շրջանակներում աշխատակազմի շարժունության վերաբերյալ ազգային հետազոտության հիմնական արդյունքներով: Պրն. Ֆլորենտին Պալադին (ԲԿԲՓ-Մոլդովա) խոսեց Էրազմուս+ շարժունության ծրագրերի իրականացման մոլդովա-ռումինական հաջող փորձի մասին:
Գործընկեր 4 երկրների ազգային գրասենյակների աշխատակիցները ներկայացրեցին որոշ վիճակագրական տվյալներ իրենց երկրներում իրականացվող միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի վերաբերյալ:
Տկն. Արուսյակ Հարությունյանը, տկն. Ռուզաննա Հակոբյանը և տկն. Վարդ Ղուկասյանը ներկայացրեցին անձնակազմի շարժունության ձեռքբերումներն ու մարտահրավերները ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի, Վանաձորի պետական համալսարանի և ՀՊՏՀ-ի տեսանկյուններից:
Էրազմուս+ «Harmony» (Արևիկ Օհանյան, Եվրասիա միջազգային համալսարան) և «BOOST» (Մարիաննա Հարությունյան, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան) կարողությունների զարգացման ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչները նույնպես հրավիրված էին կիսելու իրենց միջազգային փորձը:
Քրիստինե Գևորգյանը (ԲԿԲՓ-Հայաստան) ներկայացրեց Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից առաջարկվող եզակի մագիստրոսական ծրագիրը, որը դասավանդվում է միայն օտար լեզվով:
Քննարկումները վերահաստատեցին, որ մինչդեռ մի շարք համալսարաններում առկա են միջազգայնացման ռազմավարություններ, դրանք հիմնականում կենտրոնանում են ուսանողների շարժունության վրա, իսկ անձնակազմի շարժունությունը դեռևս մասնատված է և հիմնված անհատ գիտնականների և հետազոտողների նախաձեռնությունների վրա, որոնք պարտադիր չէ, որ կապված լինեն համալսարանի կամ ազգային ռազմավարության հետ: Սեմինարի ընթացքում ընդգծվեց, որ աշխատակազմի ներգնա շարժունությունը անհրաժեշտ է գիտելիքների, հետազոտական մեթոդների և մանկավարժական մոտեցումների ավելի լայն շրջանառության համար: Արտագնա շարժունթյունն իր հերթին մեծացնում է տեղական մարդկային կապիտալը, նպաստում է հմտությունների փոխանցմանը, միջազգային հետազոտական ցանցերի հետ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև համաշխարհային շուկաներին ինտեգրմանը:
Միջոցառմանը ներկայացվեց նաև Բոլոնիայի համալսարանի լավագույն փորձը, շեշտադրվեց համալսարանական կարողությունների զարգացումը դասավանդման և ուսուցման որակի բարձրացման ուղղությամբ, համալսարաններին խրախուսվեց մշակել օտարալեզու քաղաքականություն, ծրագրեր և դասընթացներ: