Էրազմուս+ տեղեկատվական օրեր Երևանում
2019 թ. նոյեմբերի 7-8-ին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցան ամենամյա Էրազմուս+ տեղեկատվական օրերը Երևանում։ Տեղեկատվական օրերն ուղղված են Էրազմուս+ Ծրագրի բարձագույն կրթության հատվածի հնարավորությունների մասին հանրային իրազեկման բարձրացմանը և համախմբում են ԵՄ-ի և նրա հարևանության երկրների բուհերի դասախոսական ու վարչական անձնակազմերին, փորձագետներին և ուսանողներին, նախարարությունների և ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներին և գործատուներին։
Երկօրյա միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 250 գրանցված մասնակիցներ 23 պետական և 5 մասնավոր բուհերից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՔՀԿ-ներից և այլ կազմակերպություններից: Այս տարի նույնպես Երևանում անցկացվող Տեղեկատվական ազգային օրերի ընթացքում հանրությանը ներկայացվեցին 2019թ․ նոյեմբերին մեկնարկած Էրազմուս+ (2014-2020թթ) 2020թ. Առաջարկների ներկայացման վերջին մրցույթի Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Ժան Մոնե Գործողություններ) մանրամասները։ ինչպես նաև տեղի կունենան պանելային քննարկումներ ընթացիկ ծրագրերն իրականացնող հայաստանյան համակարգողների և բուհական թիմերի մասնակցությամբ։
Հայաստանի և Իսպանիայի միջև բուհական կապերը խթանելու և ամրապնդելու նպատակով, այս տարի Էրազմուս+ ազգային գրասենյակը դասախոսների և վարչական կազմի ներկայացուցիչների էր հրավիրել 13 իսպանական համալսարաններից և Էրազմուս+ իսպանական ազգային գործակալությունից (SEPIE): Նոյեմբերի 7-ին ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Հայաստանում Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի պատկերը, որին հաջորդեցին պանելային քննարկումներ 8 ընթացիկ ծրագրերի հայաստանյան համակարգողների և այլ ինստիտուցիոնալ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ թվում և Սեվիլիայի և Գրանադայի համալսարաններից: Առաջին պանելային քննարկումը նպատակ ուներ ներկայացնել կարողությունների զարգացման ծրագրային գաղափարի մշակման և իրականացման ընդհանուր պրակտիկաները, իսկ երկրորդը կենտրոնացած էր ծրագրերի ազդեցությունն և կայունությունը խթանելուն ուղղված ասպեկտների բացահայտմանը:
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ներքո միջբուհական համագործակցության նոր հեռանկարները բացահայտելու նպատակով՝ 2-րդ օրը նվիրված էր հայ-իսպանական կոնտակտային նիստին: Հայաստանի և Իսպանիայի բուհերի միջազգային կապերի պատասխանատուների հետ անցկացվող պանելային քննարկման ժամանակ բանախոսները խոսեցին անհատական, ինստիտուցիոնալ և ազգային ակարդակներում շարժունության իրենց ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։ Նիստին հաջորդեց ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներկայացումը նախարարության կողմից, ի դեմս որի քննարկվեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք կնպաստեն հայաստանյան բուհերի միջազգայնացմանը և գիտական համագործակցությունների խթանմանը:
Երկօրյա միջոցառումը եզրափակվեց հայկական և իսպանական համալսարանների ենթակառուցվածքներն ու կրթական ծրագրերի երկկողմանի քննարկումներով և իսպանացի պատվիրակների ինստիտուցիոնալ այցերով դեպի Երևանի պետական և մասնավոր համալսարաններ: