Տեղի ունեցավ «Նախագծի մշակում և բյուջեի պլանավորում» թեմայով դասընթացը
Նոյեմբերի 27-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Նախագծի մշակում և բյուջեի պլանավորում» թեմայով դասընթացը, որի նպատակն էր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին փոխանցել նախագծերի մշակման և բյուջեի պլանավորման հմտություններ՝ Էրազմուս+ ծրագրի համատեքստում։ Դասընթացին վերոնշյալ հաստատություններից մասնակցում էին շուրջ 25 ներկայացուցիչներ։
Դասընթացը վարեցին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Արևիկ Օհանյանը, ով ում աշխատում է Եվրասիա միջազգային համալսարանում որպես Ռազմավարական ծրագրերի ղեկավար, և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։
Դասընթացի առաջին հատվածում, որը կոչվում էր «Ինչպես մշակել հաջողակ նախագծի առաջարկ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում», Արևիկ Օհանյանը կիսվեց Էրազմուս+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթական հաստատությունների համար» գործողության շրջանակում մշակած նախագծի առաջարկի իր փորձով։ Նա ներկայացրեց հաջողակ նախագիծ գրելու համար անհրաժեշտ քայլերը և քաղած դասերը: Այնուհետև գործնական առաջադրանքների միջոցով մասնակիցները քննարկեցին հաջողակ և մերժված նախագծերի նմուշները, վեր հանեցին այդ նախագծերի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև տեղեկացան հաջողակ նախագիծ կազմելու մոտեցումների և դրանց գնահատման չափանիշների մասին։
Դասընթացի երկրորդ հատվածում Գարեգին Համբարձումյանը «Էրազմուս+ նախագծերի բյուջետավորման հիմունքները» թեմայով ներկայացման ընթացքում խոսեց իրատեսական, ճշգրիտ և իրագործելի բյուջեներ մշակելու համար անհրաժեշտ քայլերի մասին։ Մասնակիցները ծանոթացան յուրաքանչյուր ծախսային միավորի համար բյուջետային տողերի հաշվարկի մոտեցումներին և քննարկեցին նախագծի խնդիրները բյուջեի հետ համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Մասնակիցները սովորեցին, թե ինչպես պետք է իրականացնել բյուջեի նախնական գնահատում` անկանխատեսելի դեպքերում ֆինանսական կայունությունը ապահովելու նպատակով:
Արդյունքում՝ մասնակիցները հնարավորություն ունեցան ավելին իմանալ նախագծեր մշակելու հմտությունների զարգացման և կատարելագործման կարևորության, ինչպես նաև ծրագրի գործունեությանը համապատասխան բյուջեն պլանավորելու անհրաժեշտության մասին։