Որոնել

«Էրազմուս+»-ը «Երիտասարդական էքսպո 2023»-ում

Նոյեմբերի 24-26-ը տեղի ունեցավ «Երիտասարդական էքսպո 2023»-ը, որը համախմբել էր բազմաթիվ ակտիվ երիտասարդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) Հայաստանի տարբեր մարզերից:

Հանդիպման երրորդ օրվա ընթացքում Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները էքսպոյին մասնակցող ուսանողներին և աշակերտներին ներկայացրին «Էրազմուս+» ծրագրի կողմից հայ երիտասարդներին տրամադրվող կրթաթոշակների հնարավորությունները։

Հանդիպման սկզբում Գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց «Էրազմուս+» ծրագիրը, մասնակցող երկրների դասակարգումը, առկա հնարավորությունները։

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի մենեջեր Արփինե Հունանյանը ներկաներին ներկայացրեց «Միջազգային կրեդիտային շարժունություն» գործողությունը, դիմելու կարգը, պայմանները, առաջարկվող ֆինանսավորման պայմանները, ընտրության չափանիշները։

Իսկ Գրասենյակի ծրագրի մենեջեր Արփինե Ջրաղացպանյանը մասնակիցներին ներկայացրեց «Էրազմուս Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագիրը, մասնակցության պայմանները, մագիստրոսական ծրագրերը գտնելու և դիմելու կարգը, դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական ցանկը, ֆինանսավորման պայմանները։

Մասնակիցները բազմաթիվ հարցեր ուղղեցին խոսնակներին, ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան։

Հանդիպման ավարտին Գրասենյակի ներկայացուցիչները կազմակերպեցին խմբային ճանաչողական խաղ-մրցույթ, որի ավարտին հաղթող խումբը ստացավ «Էրազմուս+» բրենդինգով նվեր-փաթեթներ։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի գլխավորած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ»-ը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Հրապարակված է․Նորություններ 2023թ․