Դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ
«Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում իրականացվող հերթական հանդիպումը այս անգամ նվիրված է Ժան Մոնե գործողություններին։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում է Ձեզ և հատկապես Ձեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին մասնակցելու Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժ․ 15:00-ին Եվրասիա միջազգային համալսարանում։
Հանդիպման խոսնակն է Աննա Խվորոստիանկինան, ով հանդիսանում է Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանության» ամբիոնի վարիչը, «EUSecJuris» Ժան Մոնե մոդուլի ակադեմիական համակարգողը և «ԵՄ իրավական հետազոտություններ և իրավական եվրոպականացում» /Եվրոիրավունք» Ժան Մոնեի ամբիոնի ղեկավարը։ Աննա Խվորոստիանկինան կանցկացնի մասնագիտական զարգացման սեմինար՝ անդրադառնալով նախագծերի ձևավորման և իրականացման մեթոդաբանության հարցերին, Ժան Մոնեի գործունեության ինտեգրման ռազմավարությանը գիտնականների ուսուցման և հետազոտական օրակարգում ԵՄ ուսումնասիրությունների լայն շրջանակում, Ժան Մոնեին մասնակցությունը որպես ակադեմիական կարիերայի կառուցման ուղի, ինչպես նաև Ժան Մոնեի դիմումի գործընթացի առանձնահատկությունները: Հանդիպումը կազմակերպվում է ԵՄ հետազոտությունների ակադեմիայի (AREUS) շրջանակներում, որը EuroLaw Ժան Մոնե ամբիոն նախագծի անբաժանելի մասն է:
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։
Նշենք, որ Ժան Մոնե գործողությունների շրջանակում որևէ մոդուլ կամ ուսումնական ծրագիր դասավանդելու դեպքում դասախոսների համար առկա են լրացուցիչ վարձատրման հնարավորություններ։
[/vc_column_text]
[/vc_column][/vc_row]ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԺԱՆ ՄՈՆԵ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ժան Մոնե Գործողություններն ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում։ Գործողությունների շրջանակում Դուք հնարավորություն ունեք դիմելու հետևյալ ուղղություններով՝
ԺԱՆ ՄՈՆԵ ՄՈԴՈՒԼՆԵՐ
Ժան Մոնե մոդուլներ գործողության շրջանակում կարող եք Ձեր բարձրագույն ուսումնական հաստատությունում Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտի վերաբերյալ կարճաժամկետ ուսումնական ծրագիր կամ դասընթաց կազմել: Մոդուլը կարող է լինել ընդհանուր կամ ներածական դասընթաց ԵՄ հարցերի վերաբերյալ, մասնագիտացված ուսուցում ԵՄ զարգացումների վերաբերյալ, կամ ամբողջությամբ ճանաչվող ամառային կամ ինտենսիվ դասընթացներ:
ԺԱՆ ՄՈՆԵ ԱՄԲԻՈՆՆԵՐ
Ժան Մոնե ամբիոնները դասավանդման պաշտոններ են` նախատեսված համալսարանական պրոֆեսորների համար, ովքեր մասնագիտացած են ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում: Ժան Մոնե ամբիոնը պետք է լինի երեք տարվա տևողությամբ և ունենա նվազագույնը 90-ժամյա դասավանդում մեկ ուսումնական տարվա ընթացքում:
ԺԱՆ ՄՈՆԵ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Ժան Մոնե գերազանցության կենտրոնը հավաքում է առաջատար փորձագետների փորձն ու հմտությունները և նպատակ ունի զարգացնելու սիներգիա եվրոպական ուսումնասիրությունների տարբեր առարկաների ռեսուրսների միջև:
ԺԱՆ ՄՈՆԵ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻՆ
Ժան Մոնեն աջակցում է ասոցիացիաներին, որոնք իրենց հստակ նպատակ ունեն նպաստելու եվրաինտեգրման գործընթացի ուսումնասիրությանը: Նման ասոցիացիաները պետք է լինեն միջդիսցիպլինար և բաց բոլոր շահագրգիռ դասախոսների, ուսուցիչների և հետազոտողների համար, ովքեր մասնագիտացած են Եվրոպական Միության հարցերով համապատասխան երկրում կամ տարածաշրջանում:
ԺԱՆ ՄՈՆԵ ՑԱՆՑԵՐ
Ժան Մոնե ցանցերը նպաստում են Եվրոպական Միության ուսումնասիրությունների ոլորտում միջազգային կոնսորցիումների (բուհեր, գերազանցության կենտրոններ, ստորաբաժանումներ, թիմեր, անհատ փորձագետներ և այլն) ստեղծմանը և զարգացմանը: Նրանք աջակցում են տեղեկատվության հավաքագրմանը, փորձի փոխանակմանը, գիտելիքի զարգացմանը և եվրոպական ինտեգրման գործընթացի խթանմանը ողջ աշխարհում:
ԺԱՆ ՄՈՆԵ ԾՐԱԳՐԵՐ
Ժան Մոնե ծրագրերը աջակցում են նորարարությանը և Եվրոպական Միության գաղափարախոսության տարածմանը: Կարելի է իրականացնել միջոցառումների մի լայն շրջանակ՝ ուսումնական նյութերի դիզայնից և մշակումից մինչև միջոցառումների կազմակերպման գործիքների ստեղծում: Այս ծրագրերը կարող են տևել 12-24 ամիս: