Կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտարարվել է Էրազմուս+ ծրագրի 2024թ․ Առաջարկների մրցույթը։ Եվ թիրախային խմբերին ծրագրի գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և խորհորդատվություն փոխանցելու նպատակով՝ «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում նոյեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում կայացավ հերթական տեղեկատվական հանդիպումը՝ այս անգամ Էրազմուս Մունդուս Գործողությունների վերաբերյալ։
Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի ողջույնի խոսքով, ով ներկաներին ծանոթացրեց Առաջարկների մրցույթի նոր վերջնաժամկետներին և տեղեկատվության ստացման օգտակար աղբյուրներին։
Այնուհետև Երևանի պետական համալսարանի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական ծրագրի համակարգող, Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց «Էրազմուս Մունդուս Նախագծեր» ենթագործողությանը դիմելու հիմնական պայմանները, կոնսորցիումի կառուցվածքը, ֆինանսավորման կարգը, նախագծերի ընտրության չափանիշները և այլ մանրամասներ։ Բացի դա՝ մասնակիցները հնարավորություն ունենցան ծանոթանալ այդ գործողության շրջանակներում ֆինանսավորված Հայաստանում դեռևս միակ «Developing Joint Master’s Degree Programme in European Studies: Law, Governance and Communication» (DEGES) նախագծին, դրա կառուցվածքին և մանրամասներին, գործընկերների կազմին, նմանատիպ նախագծերի մշակման առանձնահատկություններին և այլն։
Մասնակիցների և խոսնակի միջև տեղի ունեցավ ակտիվ հարց ու պատասխան և քննարկում։
Հանդիպման ընթացքում ցուցադրված պրեզենտացիաները կարող եք գտնել ստորև։