Որոնել

#Էրազմուսօրեր 2020

2020թ. հոկտեմբերի 15-ին, 16-ին և 17-ին Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի բարձր հովանու ներքո ամբողջ Եվրոպայում և դրանից դուրս կանցկացվեն ամենամյա #Էրազմուսօրերը: #Էրազմուսօրեր-ը նպատակ ունեն այդ երեք օրվա ընթացքում Ծրագրային և Գործընկեր երկրներում տարածել եվրոպական արժեքները, Էրազմուս+ ծրագրերի արդյունքներն ու ձեռքբերումները, և դրանք տեսանելի դարձնել քաղաքացիներին, մասնագետներին, լրատվամիջոցներին և քաղաքականություն մշակողներին: Անցյալ տարի #Էրազմուսօրեր-ի ընթացքում 53 երկրներում կազմակերպվել էր 3995 միջոցառում: Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը ևս մասնակցեց և իր ներդրումն ունեցավ բազմամշակութայնությանը, միջազգային շարժունությանը և ակտիվ քաղաքացիությանը նվիրված այս տոնակատարությանը` կազմակերպելով «Կրթությունը Եվրոպայում. կիսվի՛ր փորձովդ մեզ հետ» տեղեկատվական միջոցառումը Էրազմուս+ և ԴԱԱԴ ծրագրերի շրջանավարտների հետ:

Հաշվի առնելով ներկա գլոբալ սանիտարական ճգնաժամը՝ այս տարի #Էրազմուսօրեր-ը խրախուսում են «համակցված» միջոցառումների կազմակերպում՝ ինչպես վիրտուալ, այնպես էլ ֆիզիկական ներկայությամբ, ինչպիսիք են վեբինարները, առցանց ցուցահանդեսները, հաքաթոնները, գիտաժողովները, վիկտորինաները, ուսանողական թոք-շոուները, փոդքասթերը և այլն:

#Էրազմուսօրեր միջազգային արշավը հնարավորություն է տալիս հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններին ներկայացնել Էրազմուս+ ծրագրի իրենց ձեռքբերումները, կիսվել Միջազգային կրեդիտային շարժունության, Կարողությունների զարգացման և Ժան Մոնե ծրագրերի շնորհիվ կուտակված իրենց դրական փորձով: Էրազմուս+ ծրագրի հայ շահառուները հրավիրվում են մասնակցելու #Էրազմուսօրեր 2020-ին` ոչ միայն կարևորելու իրենց ընթացիկ կամ ավարտված ծրագրերը, այլև նախաձեռնելու միջոցառումներ, որոնց ուշադրության կենտրոնում կարող են լինել Քովիդ-19 համաճարակին առնչվող արդի թեմաները, ինչպիսիք են հեռավար ուսուցումը, էկոլոգիան, առողջապահությունը, համերաշխությունը և սոցիալական ներառումը: Երիտասարդների զբաղվածությանը նույնպես կարելի է անդրադարձ կատարել՝ հաշվի առնելով Europass նոր պլատֆորմի գործարկումը:

Դուք կարող եք կազմակերպել այն միջոցառումը, որն ավելի լավ է համապատասխանում ձեր ծրագրային և թիրախային խմբերի կարիքներին: Միջոցառումը պետք է գրանցել առցանց www.erasmusdays.eu կայքում, և տարածել այն սոցիալական մեդիայի միջոցով՝ #ErasmusDays հեշթեգով:
Գրանցման վերջնաժամկետն է՝ ս.թ. հոկտեմբերի 14-ը, ժամը 12:00-ը (կենտրոնական եվրոպական ժամանակով):

Կազմակերպիչները պատրաստել են թվային հաղորդակցության համար նախատեսված գործիքակազմ (digital communication toolkit), որը կարող եք օգտագործել ինստիտուցիոնալ կայքերի կամ սոցիալական ցանցերի միջոցով ձեր միջոցառումների տարածման և խթանման համար: Անգլերեն լեզվով գործիքակազմը կարելի է ներբեռնել այստեղից:

www.erasmusdays.eu կայքում ձեր միջոցառումների գրանցման հետ կապված հարցերը կարող եք ուղել erasmusdays@agence-erasmus.fr էլ. հասցեին:

Եկեք #Էրազմուսօրեր 2020-ը միասին դարձնենք միջազգային մեծ տոն:

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ