Որոնել

«Սոցիալական ներառումը բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով առցանց քննարկում

Էրազմուս+ տեխնիկական աջակցության առաքելության (TAM) շրջանակներում կազմակերպվելիք  «Սոցիալական ներառումը բարձրագույն կրթության ոլորտում» սեմինարին ընդառաջ, հուլիսի 3-ին Էրազմուս+ ազգային գրասենյակն ու Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական (ԲԿԲՓ) թիմի անդամները կազմակերպեցին առցանց հանդիպում բարձրագույն կրթության ներառականության և սոցիալական ներառման հարցերով զբաղվող շահեկիցների հետ։ Քննարկման նպատակն էր բացահայտել ներառականության ապահովման տեսանկյունից հայաստանյան բուհերի ուժեղ և թույլ կողմերը, վերհանել կարիքներն ու բացերը։ 

Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց առցանց քննարկման նպատակներն ու խնդիրները՝ մասնակիցներին կոչ անելով մտածել նախատեսվող սեմինարի  ռազմավարության ուղղությամբ թե՛ կազմակերպչական և թե՛ լսարանի կարիքների և հետաքրքրությունների տեսանկյունից։ Նա հայցեց համալսարանական և ՀԿ ոլորտի ներկայացուցիչների աջակցությունը միջոցառման տեսլականի հստակեցման, նաև սեմինարի առանցքային բովանդակության և ճիշտ բանախոսների ընտրության հարցերում:

10 բուհերի ներկայացուցիչներ, որոնցից ոմանք արդեն փորձառու են բարձրագույն ներառական կրթության ոլորտում (նաև շնորհիվ  վերջինիս զարգացմանն ուղղված ԵՄ Տեմպուս և Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրերին մասնակցելու) ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ-ի մասնագետները կիսեցին իրենց տեսլականը, վերաբերմունքն ու մտահոգությունները սոցիալական ներառման վերաբերյալ և առաջարկեցին կարևոր գաղափարներ, որոնք պետք է ընդգրկվեն նախատեսված սեմինարի օրակարգում։  

ԲԿԲՓ թիմի անդամ և Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը անդրադարձավ Հայաստանում ՔՈՎԻԴ-19 բռնկման հասարակական հետևանքներին և բուհերի կողմից նախապարտաստվող նոր ռազմավարությունների կարևորությանը, որոնք պետք է նպատակաուղղված լինեն համաճարակով պայմանավորված սահմանափակումների համատեքստում բարձրագույն կրթության մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովմանը։

ԲԿԲՓ թիմի մեկ այլ անդամ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Աննա Գևորգյանը շեշտադրեց սեմինարի այնպիսի ընդհանուր օրակարգ մշակելու կարևորությունը, որը կարտացոլի հայկական բուհերի մեծամասնության հետաքրքրություններն ու կարիքները:

Հայաստանի պետական ​​մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Միջազգային կապերի գրասենյակի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, որը մասնագիտացած է ներառական կրթության ոլորտում, շեշտեց ներառական միջավայրում աշխատող դասախոսների համար անհրաժեշտ իրավասությունների շրջանակի, գիտելիքների և հմտությունների զարգացման կարևորությունը: Ներառական կրթությունը պահանջում է համալիր մոտեցում՝ դասախոսների վերապատրաստման պատշաճ համակարգերի,  հանրության տարբեր օղակներին  հարմարեցված լսարանների և ուսումնական միջավայրերի առկայությամբ: Նա խոսեց նաև ՀՊՄՀ «Google լսարան» հարթակը որպես դասավանդման արդյունավետ գործիք օգտագործելու իր փորձի մասին: Վերջին հինգ տարիների ընթացքում այն թույլ է տվել բուհին բարելավել առցանց համագործակցությունն ու օգնել է անցում կատարել առցանց դասավանդմանը և ուսումնառությանը:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչ Հռիփսիմե Նազարեթյանը կարևորեց սոցիալական ներգրավման ոլորտում կարևոր դերակատար հանդիսացող բուհերի և հասարակական կազմակերպությունների միջև ակտիվ երկխոսության և կապերի խթանման այս հնարավորությունը: Հիշեցնենք, որ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն  պաշտպանում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների՝ հիմնական կրթություն ստանալու, համայնքային ծառայություններից օգտվելու, ինքնուրույն ապրելու և հավասար հնարավորություններից օգտվելու իրավունքները:

Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը կիսեց իր համալսարանական փորձն ուսանողների և բուհի անձնակազմի շրջանակներում հեռավար ուսուցման տեխնոլոգիաների օգտագործումը խրախուսելու նպատակով առկա ռեսուրսների համախմբման վերաբերյալ։ Քաղաքային և գյուղական համայնքների հետ բուհի հաջողված բանակցությունների արդյունքով` վերջիններս համաձայնել են իրենց տարածքներում առկա համակարգչային տեխնիկայով հագեցած գրասենյակներն առցանց ուսումնառություն իրականացնելու նպատակով տրամադրել հեռավոր շրջաններում ապրող ՀՃՇՀ ուսանողներին՝ ապահովվելով նրանց կրթության հասանելիությունը: 

ՀՀ պետական ​​կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) պրոռեկտոր Թերեզա Խեչոյանն անդրադարձավ ներկայիս իրավիճակով պայմանավորված այն դժվարություններին, որոնց ակադեմիան բախվել է ուսանողների համար պրակտիկայի կազմակերպման գործընթացում։ Նա հորդորեց առաջիկա սեմինարի ընթացքում պրակտիկաների հասանելիության հիմնահարցը քննարկման թեմաներից մեկը դարձնել։   

ԲԿԲՓ թիմի անդամ Էլվիրա Զարգարյանը, ով նաև ներկայացնում է Շիրակի պետական ​​համալսարանը, խոսեց բուհական ընդունելության խնդիրների մասին և շեշտադրեց ուսանողներին օժանդակող ծառայությունների կարևոր դերը վերջիններիս աջակցելու և համաճարակով պայմանավորված հիմնական կազմակերպչական և տեխնիկական մարտահրավերներին լուծում տալու գործում։ 

Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի գրասենյակի ղեկավար Նունե Ջոմարդյանն առաջարկեց լուծել ՔՈՎԻԴ-19-ի շրջանակներում ուսանողների վիրտուալ ընդունելության և բուհի հետ ծանոթացման (virtual onboarding) հարցը: Համաճարակը  բացառիկ հնարավորություն է ստեղծել բուհերի համար՝ վերանայելու նոր ուսանողներ գրավելու հին ուղիները: Նորեկ ուսանողների վրա առաջին դրական տպավորություն թողնելը շատ կարևոր է, ուստի անհրաժեշտ է ողջունել նրանց որպես համալսարանական ընտանիքի մասնիկ և հնարավորինս շուտ ծանոթացնել բուհի մշակույթին:

Ամփոփելով առցանց հանդիպման արդյունքները՝ Էրազմուս+ գրասենյակը խրախուսեց ներկաներին շարունակել ակտիվ մասնակցությունը սեմինարի ծրագրի մշակմանը և հետագա մասնագիտացված նիստերի վարմանը:

 

Հրապարակված է․Նորություններ, Նորություններ 2020թ