Էրազմուս+ «Բնապահպանության ոլորոտում կրթական ծրագրերի արդիականացումը Հայաստանում և Վրաստանում” (MENVIPRO) ծրագրի մեկնարկը Երևանում
Ս.թ. հունվարի 14-15-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ Էրազմուս+ «Բնապահպանության ոլորոտում կրթական ծրագրերի արդիականացումը Հայաստանում և Վրաստանում» (MENVIPRO) խորագրով կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը: Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ Իտալիայի Տուշիայի համալսարանից (համակարգող), հայաստանյան գործընկեր հաստատություններից` ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն և Գավառի պետական համալսարան, վրացական գործընկեր հաստատություններից` Իլիայի պետական համալսարան, Վրաստանի համալսարան և Վրացական գիտահետազոտական և կրթական ցանցերի ասոցիացիա, ինչպես նաև եվրոպական գործընկեր համալսարաններից՝ Իտալիայի Ազգային հետազոտական խորհուրդ, Գերմանիայի Հալլե Վիտենբերգի համալսարան, Ժիրաֆ ՍՊԸ և Պորտուգալիա Լիսաբոնի համալսարան:
Երկօրյա միջոցառման ընթացքում նաև քննարկվեցին առաջիկա մեկ տարվա աշխատանքային պլանը, որն իր մեջ ներառում է ինչպես հաջորդ աշխատանքային հանդիպումների ժամանակացույցը, այնպես էլ ծրագրի իրականացման համար կարևոր նախապայման հանդիսացող բնապահպանության ընթացիկ ծրագրերի բովանդակությունն ու արդիականացման պահանջները, նոր ակնկալվող վերջնարդյունքները:
MENVIPRO ծրագրի հիմնական նպատակն է զգալիորեն բարելավել Հայաստանում և Վրաստանում Բնապահպանական ոլորտի մագիստրոսական ծրագրերի որակը Բոլոնիայի սկզբունքներին համապատասխան համալիր արդիականացման միջոցով: Մագիստրոսական կրթությունը արմատապես արդիականացնելու նպատակով ծրագիրը կստեղծի եզակի միջբուհական կրթական և հետազոտական հաստատություն (airlab), որը կօգտագործվի ուսանողական նախագծերի մշակման, շահագրգիռ կողմերի հետ համատեղ նախագծերի իրականցաման, ինչպես նաև համալսարանական միջավայրի հետ կապերը ամրապնդելու և բնապահպանական մտածելակերպի ձևավորումը խթանելու համար:
MENVIPRO ծրագիրը ոչ միայն կարևոր ձեռքբերում է գործընկեր համալսարանների և արտաքին շահառուների համար, այլև պարտավորեցնող պատասխանատու գործոն վերջնարդյունքի ներդրման, կրթության որակի շարունակական բարելավման, արդիականացման, միջազգայնացման, կրթության և գործատուների հետ կապի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ և հայաստանյան ուսումնական հաստատությունների միջև կրթական հարթակում փորձի փոխանակման տեսանկյունից: